
Journalistic classes for young journalists at "Bridge of hope" NGO
«Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթը հիմնվել է 1999 թ., «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամ և ոչ հաշմանդամ պատանիների և երեխաների կողմից:
Ամսաթերթի նպատակն է ավելացնել երեխաների իրազեկությունն իրենց հաշմանդամ հասակակիցների հնարավորությունների մասին և ձևավորել անխտրական վերաբերմունք հաշմանդամ երեխաների նկատմամբ:
Ով է ստեղծում «Արևածաղիկը»
«Արևածաղիկ» ամսաթերթը ստեղծվում է հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաների ու պատանիների համատեղ ջանքերով, ում համար «Հույսի կամուրջի» կենտրոնում անցկացվում են պատանի լրագրողների անվճար դասընթացներ:
Լրագրողական ժանրերի ուսուցումը, հայ և համաշխարհային գրականության վերլուծությունը, մամուլի տեսությունը, ինչպես նաև գործնական աշխատանքները նպաստում են երեխաների ու պատանիների մեջ լրագրողական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը:
Ստեղծագործական կազմն ընտրվում է մրցույթով, որ ամեն տարի հայտարարվում է դպրոցականների համար: Դասընթացի ավարտին հանդիսավոր արարողությամբ պատանիները ստանում են ավարտական վկայականներ:
Ինչի մասին է գրում ամսաթերթը
Ամսաթերթի «Հոգով արիները», «Մեր մեծերը», «Կարդում ենք բոլորս», «Դպրոցական խճանկար», «Գիտե՞ս որ», «Կինո», «Սպորտ» և այլ խորագրերն անդրադառնում են երեխաներին ու պատանիներին հուզող արդիական թեմաներին, ամենակարևորը իր ընթերցողին իրազեկ է դարձնում հաշմանդամության և սոցիալական այլ խնդիրներին:
Պատանի լրագրողները հանդիպում են, հարցազրույց վարում գիտության, արվեստի, պետական և հասարակական գործիչների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, գրում են երեխաների հիմնախնդիրներով զբաղվող տարբեր կազմակերպությունների մասին:
«Արևածաղիկը» հետևողական է մանավանդ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում և պարբերաբար անդրադառնում է այդ թեմային:
Ամսաթերթի ամենամեծ խնդիրն ազգային ու մշակութային արժեքների տարածումն է, Հայ առաքելական եկեղեցու հավատամքին, մշակութային կյանքին հաղորդակից դարձնելը ապագա սերնդի դաստիարակության ու ճաշակի ձևավորման նպատակով:
Ամսաթերթը նաև հզոր միջոց է երեխաների ձայնը լսելի դարձնելու համար:
Նոր հայացք կյանքին ու նոր մտածողություն սկսած դպրոցական նստարանից. սա, թերևս,«Արևածաղիկի» ամենամեծ նվաճումն է, որին պատանի լրագրողները հասել են ազնիվ ու նվիրյալ աշխատանքի շնորհիվ:
Ով է մեր ընթերցողը
Այսօր «Արևածաղիկն» ունի 32 էջ, տպագրվում է 1000 տպաքանակով, անվճար տարածվում է Երևանի 35 և 58 մարզային դպրոցներում, ունի ավելի քան 150 թղթակից հանրապետության տարբեր մարզերից, կրթել ու կրթում է պատանի լրագրողների մի քանի սերունդ:
Ամսաթերթը տարածվում է նաև մանկական գրադարաններում, մշակութային կենտրոններում, երեխաների խնդիրներով զբաղվող տարբեր հաստատություններում:
Համագործակցում է ՀՀ ստեղծագործական բոլոր միությունների, մշակութային օջախների և մանկապատանեկան կրթօջախների հետ: Ամսաթերթի նյութերը պարբերաբար ընթեցվում են Հայաստանի Հանրային և այլ ռադիոկայաններով:
«Արևածաղիկն» էր, որ առաջիններից մեկը խոսեց անցյալից մնացած կաղապարները փշրելու, հասարակության բոլոր անդամների լիարժեքության ու հավասարության մասին և հաշմանդամության թեման դարձրեց ամսաթերթի առանցքային թեման:
Մեր նախաձեռնությունները
Երևանի և մարզերի դպրոցներում պարբերաբար ամսաթերթի շնորհանդեսներ են կազմակերպվում, որի նպատակը ամսաթերթի նպատակների ու խնդիրների մասին իրազեկելն է, ինչպես նաև աշակերտների խրախուսումը ստեղծագործելու և ամսաթերթին թղթակցելու համար:
Ամսաթերթի խմբագրակազմը հաճախակի այցելություններ է ունենում դպրոցներ`ընթերցողների հետ հետադարձ կապն ապահովելու և երեխաներին հուզող խնդիրներին անմիջապես արձագանքելու համար: