2007 թվականից «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի մրցաշարին «Արևածաղիկ» ամսաթերթը ներկայանում է իր թիմով` կազմված պատանի թղթակիցներից, նրանց ընտանիքի անդամներից, «Հույսի կամուրջի» աշխատակիցներից և ընկերներից, ովքեր մյուս լրատվամիջոցների թիմերի հետ մրցում են հանուն «հավասար հնարավորությունների» գաղափարի:
Պատմում են թիմի անդամները:
Արամ Մանուկյան` մրցաշարի կազմակերպիչ և «Արևածաղիկ» թիմի ավագ.
- Լրատվամիջոցների ֆուտբոլի մրցաշար անցկացնելու ցանկությունը վաղուց կար: Իսկ հավասար հնարավորությունների գաղափարին առնչվեցի «Հույսի կամուրջում» և որոշեցի ֆուտբոլի միջոցով տարածել այն արժեքները, որոնք ժամանակին իմ մեջ էին սերմանել:
Գևորգ Գևորգյան, հարձակվող.
- Առաջին հերթին ինձ դուր է գալիս, որ մարդիկ համախմբվում եմ «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» գաղափարի շուրջ: Ավելի շատ ինձ գաղափարն է ոգևորում, քան ինքը սպորտը: Ճիշտ է ֆուտբոլ շատ եմ սիրում, բայց այս դեպքում այն երկրրդական է դառնում: Միգուցե այլ առաջնություն լիներ` չմասնակցեի: Անցած մրցաշարին երկրպագում էի ընկերներիս: Այս տարի «Արևածաղիկ» թիմում խաղալու ցանկությունս մեծ էր. ուզում էի լինել այն մարդկանցից մեկը, ով ոչ թե կողքից ոգևորում է, այլ մասնակցում է:
Վարդան Կիտաբսզյան, հարձակվող.
- Ես մասնակցել եմ բոլոր երեք մրցաշարերին: Դրանք ինձ շատ բան է տալիս, այն, որ մարդիկ պետք է հավասր լինեն, իրար չնայեն ուրիշ աչքով, դա առաջինն է: Դե բնական է ֆոտբոլում ամեն ինչ անում ենք նաև հաղթելու համար:
Իմ ամենագեղեցիկ գոլերից մեկը խփեցի «Թերթ.am»-ի դարպասին 2008-ին, որը վերջին րեպեին հաղթանակ բերեց մեր թիմին: «Թերթ.am»-ն այդ տարի դարձավ մրցաշարի չեմպիոն և միակ պարտությունը որ կրեց, մեր թիմից էր:
Գրիգոր Ասատրյան, դարպասապահ. Երկու տարի անընդմեջ ճանաչվել է «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի լավագույն դարպասապահ:
- Շատ հաճելի է, որ արդեն երրորդ անգամ մասնակցում եմ մրցաշարին: Ինքս հաշմանդամ երեխա ունեմ և խաղում եմ հատկապես երեխաների համար, հանուն գաղափարի: Ինչ վերաբերում է լավ խաղալուն, ապա եթե մի բան անում ես, միշտ պիտի ձգտես լավագույնին: Ողջունում եմ մրցաշարի մասնակիցներին և ցանկանում, որ տարեցտարի ավելանա թե` մասնակիցների, թե հովանավորների թիվը:
Ջորջ Արաբաթլյան, պաշտպան.
- Շատ ուրախ եմ, որ շնորհիվ իմ ընկերների արդեն մի քանի տարի է կապված եմ «Հույսի կամուրջ» կազմակերպության հետ: Ճանաչում եմ շատ լավ մարդկանց և շնորհակալ եմ, որ ինձ «մերոնքական» են համարում: Առաջին օրվանից տպավորված եմ մեր թիմի կարգապահությամբ. Արամի գլխավորությամբ պարապմուքնենրը շատ կազմակերպված էին, ուշանալ չէր կարելի, պարապմունքներին պետք էր մնալ մինչև վերջ և այլն:
Հայաստանում ֆիզիկական մրցումների առաջին անգամ եմ մասնակցում: Հալեպում նման միջոցառումներ չեն լինում: Միայն երբեմն պետական նախաձեռնությամբ են իրականացվում որոշ քայլեր: Այնտեղ հայկական միջավայրում էլ հաշմանդամ մարդկանց հանդեպ հավասար վերաբերմուքն չկա:
Մտածելակերպը շատ կարծրացած է: Միայն մեկ դպրոց կա մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար, այն էլ ծերանոցին կից: Շատ ուրախ եմ այս մրցաշարին մասնակցելու համար, որովհետև համոզված եմ, որ սպորտը միավորում է մարդկանց: Ամենակարևորն այն է, որ հասարակությունը զգա հավասար հնարավորություններ ստեղծելու կարևորությունը:
Վարդան Կիտաբսզյան.
- Թիմում խաղում են 15-45 տարեկաններ, բայց դաշտում չկա մեծ և փոքր, բոլորը պայքարում են լավ խաղի ու հաղթանակի համար: Ինչ վերաբերվում է Գոքորին, նա ասես մի մեծ պատ լինի մեր մեջքին կանգնած: Նրա շնորհիվ մենք մեզ վստահ ենք զգում: Լավ դարպասապահը թիմի կեսն է, մեր թիմում նա ավելին է:
Գևորգ Գևորգյան.
- Տարիքային տարբերությունը չի խանգարում այլ օգնում է: Տղաներով կարող ենք ժամերով խաղը վերլուծել, բայց Աշոտ ձյաձյայի մի ասածն ինձ վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան մյուսներինը: Որովհետև տղաները միշտ ասում են` «լավ էր, ապե, լավ էր», բայց ամենաճիշտ կարծիքները, որ «դու իրոք սխալ էիր կամ վատ էիր խաղում» հենց մեծերից ենք լսում:
Արամ Մանուկյան.
- Կարծում եմ` նախաձեռնությունը հաջողված է, որովհտև ամեն տարի մրցաշարի մասնակիցները ավելանում են, իսկ մենք փորձում ենք այն անցկացնել ավելի բարձր մակարդակով:
Գևորգ Գևորգյան.
- Կարծում եմ, որ «Հույսի կամուրջի» լրջությունն է փոխանցվում բոլոր մասնակիցներին: Անկեղծ ասած, եթե ես զգամ` կազմակերպիչը լուրջ չի վերաբերվում այդ ամենին, ես գուցե ավելի անլուրջ լինեմ: Դրա համար, կարծում եմ` ամենամեծ դրական կողմն այն է, գաղափարին ու մրցաշարին կազմակերպիչները շատ լուրջ են տրամադրված:
ՄԵՐ ԹԻՄԻ ԿԱԶՄԸ
Արամ Մանուկյան
Վարդան Կիտաբսզյան
Գրիգոր Ասատրյան
Աշոտ Արզումանյան
Հայկ Սարգսյան
Ջորջ Արաբաթլյան
Գարիկ Խեչոյան
Գևորգ Գևորգյան
Գարիկ Բարեղամյան






