Գիտե՞ք ինչ է տվել մեզ «Արևածաղիկը»…

11Կարծում եք միայն Ձե՞ր կյանքն է փոխել «Արևածաղիկը», միայն Ձե՞զ է այն անմնացորդ նվիրվում ու տալիս:  Ամենևին: Մեր ամսաթերթի հիմնադիրները, խմբագրակազմը, բոլոր նրանք, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ստեղծում են «Արևածաղիկը» պատմում են, թե ինչ է հենց իրենց` ստեղծողներին, տվել ամսաթերթը…

 

Susanna«Հույսի կամուրջ» Հասարակական կազմակերպության նախագահ` Սուսաննա Թադևոսյան

— Ամսաթերթի ստեղծման աշխատանքներին անձամբ էի մասնակցում. ես և անգլերենի ուսուցչուհի Հասմիկ Մինասյանը խմբագրում և սրբագրում էինք երեխաների նյութերը: Հիշում եմ` երբ երեխաներն իրենց առաջին հարցազրույցը պետք է վերցնեին, ես էլ էի նրանց հետ գնացել այդ հանդիպմանը:

«Արևածաղիկն» ինձ հավատ է ներշնչել երեխաների ուժերի նկատմամբ, հավատ այն բանի հանդեպ, որ երեխաները կարող են փոխել աշխարհը: «Արևածաղիկը» «Հույսի կամուրջի» սիրտն է: Մեր կազմակերպության երեխաներն իրենց ամենամեծ հաջողություններին հասել են հենց ամսաթերթի շնորհիվ, հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաների համագործակցության, կազմում ընդգրկված պրոֆեսիոնալների աջակցության շնորհիվ, որ շարունակվում է մինչ օրս:

Taguhi-Alik-Zara

Զառան, Ալիկ ձյաձյան ու Թագուհի տյոտյան

 

Ամսաթերթի խորհրդատու`
Արտաշես Խաչատրյան

 — «Արևածաղիկն» իմ կյանքի կարևորագույն մասն է, ոչ պակաս, քան այն ստեղծող երեխաներինը: Բացի այն, որ ես իմ պրոֆեսիոնալ ներդրումն եմ ունեցել ամսաթերթի ստեղծման ու կայացման գործում, ամսաթերթն ամբողջովին փոխել է իմ աշխարհայացքը: Ես 180 աստիճանով փոխեցի իմ վերաբերմունքը հաշմանդամ երեխաների նկատմամբ: Ես երբեք չեմ արհամարհել նրանց, բայց չափից ավելի կարեկցանք էի զգում նրանց հանդեպ, և ինձ հոգեկան ցավ էր պատճառում այդ երեխաների հետ շփվելը: Ինձ թվում էր, որ հաշմանդամ երեխաներն ամենամերժվածը, ամենաանտեսվածն ու խեղճն են, բայց իրականում պարզվեց, որ ոչ: Բացահայտեցի, որ մեր աշխարհի լիարժեք մասնիկն են: Իմ շփումը նրանց հետ ցույց տվեց, որ նրանց մեջ էլ կան տաղանդավոր, ավելի պակաս շնորհքով, խելոք կամ չարաճճի երեխաներ:

Շատերն էին սկզբում ընդգրկվել ամսաթերթի ստեղծման աշխատանքներում, բայց «Արևածաղիկ»-ում մնացին ամենատաղանդավորները: Եվ դրական վերաբերմունքից բացի, այս մարդիկ արդեն հարգանքի էին արժանի: Հիմա ամսաթերթի ստեղծողներն իմ ընկերներն ու բարեկամներն են, առանց որոնց ես չեմ պատկերացնում իմ միջավայրը:

Մի բան ևս. կարողացա հաղթահարել այն կարծրատիպը, որ բնորոշ է տարիքով մարդկանց, երբ բողոքում են երիտասարդ սերնդից: Մինչ այդ առիթ չէի ունեցել շփվելու դեռահասների ու երիտասարդների հետ: Աշխատելով` մեծ հարգանք և վստահություն ձեռք բերեցի նրանց հանդեպ` ի դեմս «Արևածաղկի» թիմի: Ինձ համար հատկապես տպավորիչ էր հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաների համագործակցությունն «Արևածաղիկ»-ում: Հիշում եմ Հրաչին, Անիին, որ աշխատում էին իրենց մյուս ընկերների հետ և որևէ տարբերություն չէին տեսնում միմյանց մեջ:

Ամենահիշարժան օրը, բնականաբար, ծանոթությունն էր «Հույսի կամրջի» երեխաների և ամսաթերթի ապագա թիմի, հատկապես Զառայի հետ: Ես կենսուրախ մարդ եմ և ցանկացած օրն էլ փորձում եմ հիշարժան դարձնել: Կոնկրետ օրեր չեմ հիշում, բայց հաճելի զգացողություններն ու պայծառ օրերը միշտ ինձ հետ են, երբ անկեղծ ու երկար ծիծաղում ենք միասին, կատակներ անում:

Հիշում եմ, ինչպես էի փորձում երաժշտական ճաշակ ձևավորել երեխաների մեջ` նրանց հետ այնպիսի երաժիշտների գործեր լսում, ինչպիսիք էին Պիտեր Գեբրիելը, «Սքորփիոնզը» և այլն: Նրանք սկզբում դա լսում էին` ինձ հարգելով, հետո աստիճանաբար նաև երաժշտական ճաշակ ձևավորվեց, և ես մի քիչ էլ դա ինձ եմ վերագրում և հպարտ եմ, որ դրա մեջ իմ լուման ունեմ:

Լրագրության դասընթցների ղեկավար`
Նունե Ալեքսանյան

Ընկեր Նունեն

Ընկեր Նունեն

«Արևածաղկի» մասին առաջին անգամ լսեցի, երբ ռեպորտաժ էի պատրաստում «Հույսի կամուրջ» կազմակերպության մանկապատանեկան թատրոնի մասին: Գրեթե 12 տարի առաջ էր, բայց մինչև հիմա թարմ է այն ուժեղ տպավորությունը, որ ստացել էի հաշմանդամ երեխաների ներկայացումից: Եվ երբ որոշ ժամանակ անց գործընկերներիցս մեկն առաջարկեց օգնել այդ նույն երեխաներին` մանկական ամսաթերթ ստեղծելու գործում, առանց մեկ վայրկյան անգամ հապաղելու համաձայնեցի: Հիմա արդեն, երբ հետադարձ հայացքով գնահատում եմ մեր տասնամյա ճանապարհը, այդ ամենն ինձ ընդամենը մեկ ակնթարթ է թվում:

«Արևածաղիկն» ինձ նոր աշխարհայացք ու նոր մտածողություն է պարգևել: Երբ եկա «Արևածաղիկ», մեր բոլոր լրագրողների նման շատ ստանդարտ մտածողություն ու կաղապարներ ունեի այն մասին, որ հաշմանդամները մեր հասարակությունից օտարված, մերժված մարդիկ են, ովքեր մեր կարեկցանքի ու օժանդակության կարիքն ունեն: Բայց կարճ ժամանակ անց արմատապես փոխվեցին իմ հայացքները հաշմանդամների իրավունքների, լիարժեքության ու հնարավորությունների մասին: Հիմա հպարտությամբ եմ հիշում այն փաստը, որ ներառական կրթության մասին գրող ամենահետևողական լրագրողներից եմ եղել, ես եմ եղել հատուկ դպրոցից այդ ծրագրով հանրակրթական դպրոց տեղափոխված առաջին աշակերտների մասին պատմող ռեպորտաժների հեղինակը և, ընդհանրապես, որպես լրագրող նաև ինքս եմ շատ բան սովորել «Արևածաղկից»:

Հիշարժան շատ օրեր ենք ապրել 10 տարվա ընթացքում: Ես հատկապես հաճույքով եմ հիշում այն օրերը, երբ «Արևածաղկի» սաները գործով են ապացուցում, որ լրագրողի ու սրտացավ մարդու հայացքով են նայում իրենց քաղաքին ու երկրին: Բայց, որպես կանոն, շատ տպավորիչ են մեր ավարտական փոքրիկ, բայց շատ ջերմ տոները: Այդ օրը մեր մեկ տարվա ստեղծագործական հանրագումարի օրն է ու նաև` մեր ընկերության, մեր փոխադարձ վստահության ու բարեկամության որակապես նոր սկզբի օրը:

«Արևածաղիկ» ամսաթերթի գլխավոր խմբագիր`
Զարուհի Բաթոյան

— Բոլոր օրերն ու իրադարձություններն ինձ համար հիշարժան են. գլխավոր խմբագրի պաշտոնում միաձայն ընտրվելուս, մեր առաջին հարցազրույցի, «Արևածաղկի» ուղերձի պատրաստման և առաջին համարի տպագրման օրը: Հիշում եմ ամեն ինչ, առաջին բողոքը` իմ հոդվածի հետ կապված, ու առաջին կռիվը դպրոցի տնօրեններից մեկի հետ, առաջին նամակը` «տիկին Բաթոյան» դիմելաձևով, երբ դեռ 19 տարեկան էի, առաջին սխալն ամսաթերթում և առաջին հանդիպումն ընթերցողների հետ: Հիշում եմ «ընկեր» Նունեից լսած առաջին գովեստը և «ձյաձ» Ալիկի հանդիմանությունն իմ ձևավորած ամսաթերթի կապակցությամբ` “Что за бабский номер?”.

«Արևածաղիկը» փոխել է իմ կյանքը, մասնագիտություն տվել ինձ, աշխատանքային առաջին ու ամենակարևոր փորձը: «Արևածաղիկն» ինձ մեկընդմիշտ կապել է եզակի մարդկանց հետ, երկրի լավագույն մասնագետների և աշխարհի ամենաբարի ու անկեղծ արարածների` երեխաների հետ:

«Արևածաղիկն» ինձ սիրելու և անմնացորդ նվիրվելու հնարավորություն է տալիս:

Խմբագիր-սրբագրիչ`
Թագուհի Սուսլիյան
 
— Անկեղծ ասած` չեմ հիշում` որ թիվն էր, բայց ինձ միշտ թվացել է, թե ես «Արևածաղկի» հենց ակունքների մոտ եմ կանգնած (շատ-շատ` մեկ-երկու տարի անցած լիներ): Միայն հիշում եմ, որ «Հույսի կամուրջն» արդեն սկսել էր լայն գործունեություն ծավալել, ու Սուսաննան (ՀԿ-ի նախագահը), որ մինչ այդ ստանձնել էր նաև այդ գործն անել, արդեն ի վիճակի չէր ամեն ինչ հասցնել:

Այստեղ աշխատելով շատ բան սովորեցի, սովորեցի չզարմանալ մարդկային այն բազմազանությունից, որին հիմա իմ շրջապատում շատերն են զարմանքով նայում: Իսկ ես էլ զարմանում եմ այդ զարմացողների վրա թե` էդ ի՞նչ մի մեծ բան կա զարմանալու, որ էդպես ուշադիր նայում եք: Մարդ ենք, էլի:

Մորս կորցնելուց հետո իրոք սարսափելի տվայտանքների մեջ էի, աշխարհը կարծես շուրջս փլվել էր, առանցքս` կոտրվել: Ես ու Զառան մի գրքի վրա էինք աշխատում, ինչպես միշտ մեզանում լինում է` պետք էր շտապ տպարան հասցնել, ժամկետները սեղմում էին: Գրքի վերնագիրը չգիտեի, հարցրի: Զառան ինձ նայեց ու ժպտալով պատասխանեց` «Ամեն ինչ լավ է լինելու»: Ես ամոթահար ժպտացի. Ախր, էդ ինչպե՞ս կարող է լինել, որ այս փխրուն ու նուրբ աղջնակի մեջ այսքան կամքի ուժ ու լավատեսություն լինի, իսկ ես` հասուն մարդ, կոտրվել, մի բուռ եմ դարձել: «Բա ի՞նչ եք կարծում, Թագուհի տյոտյա, կարծում եք` ես միշտ լա՞վ եմ զգում, բայց երբ հարցնում են, ասում եմ` շատ լավ եմ»:

Համակարգչային օպերատոր, ձևավորող`
Արտակ Համբարձումյան

Արտակը և Զառան

Արտակը և Զառան

— Ես «Արևածաղկի» արմատներից եմ: Այն ինձ մասնագիտություն ընտրելու հնարավորություն է տվել, բազմաթիվ ծանոթներ ու ընկերներ: Ամենահիշարժանն ինձ համար «Արևածաղիկ»-ում այն օրն է, երբ Ամանորի նախօրեին մինչև գիշերվա մեկն աշխատում էինք, որ հաջորդ օրը թերթը տպարան տանենք:

Ու հենց այդ պահին տեխնիկական խնդիրների պատճառով ողջ համարն անհետացավ: Տարօրինակ է, բայց նույնիսկ այդ ժամանակ շարունակում էինք կատակել ու նորից զրոյից սկսել, ասես ոչինչ էլ չէր պատահել: 

Պատասխանատու`
Նշան Աբասյան

«Արևածաղիկ» եկել եմ 2004-ին: Այն ժամանակ սովորում էի բանասիրականի երկրորդ կուրսում, նոր-նոր սկսել էի նաև ստեղծագործական փորձեր անել և առաջին անգամ  պիտի տպագրվեի հենց այստեղ:

Ինձ համար ամենահիշարժանն «Արեվածաղիկ»-ում այն օրն է, երբ առաջին անգամ տպագրված տեսա իմ աշխատանքը` մի հրապարակախոսական հոդված ԶԼՄ-ներում անաղարտ հայերենի պակասի մասին:

Հա°, մեկ էլ երբեք չեմ մոռանա, երբ հերթական համարի թվային տարբերակը անհասկանալի կերպով անհետացավ համակարգչից տպարան ուղարկելուց անմիջապես առաջ` հողին հավասարեցնելով մեկ ամսվա մեր ողջ աշխատանքը: Բոլորս այսահար էինք, իսկ այսօր ծիծաղով ենք հիշում այդ «ողբերգությունը»

«Արևածաղիկն» ինձ տվել է լայն կապեր, որպես անհատ և որպես մասնագետ դրսևորվելու ընդարձակ հորիզոն, բայց ամենակարևորը` ազատ, պարզ աշխարհընկալում և ճկուն, բառային ավելորդ փքունությունից զերծ լեզվամտածողություն, առանց որի այսօր ճիշտ գրել չէի կարողանալու:

Ինձ հաճախ թվում է` կյանքումս ոչինչ հենց այնպես չի լինում. ամեն ինչ նախանշված է ի վերուստ. եթե ես չգայի «Արևածաղիկ», հազիվ թե այսօր լինեի այն, ինչ որ եմ` իմ ձեռքբերումներով ու նպատակներով:

Գեղարվեստական ձևավորող`
Անահիտ Գրիգորյան

Anahit1— Դեռ 2001-ից կամավոր էի «Հույսի կամուրջ» կազմակերպությունում. աշխատում էի որպես արտթերապիստ, իսկ հետո արդեն դարձա «Արևածաղկի» գեղարվեսատական ձևավորողը, թեպետ մինչ այդ էլ մասնակցում էի նրա պատրաստմանը:

Դա ուսանողական տարիներին մասնագիտական փորձ ձեռք բերելու, ինչու չէ, նաև աշխատանք և ամենակարևորը` ազատ ստեղծագործելու շատ լավ հնարավորություն էր ինձ համար:

Պատասխանատու և հիշարժան էր այն օրը, երբ առաջին անգամ տպագրված տեսա իմ պաստառը հաշմադամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ:

«Արևածաղիկը» օգնեց հասկանալ, որ մարդը պիտի լավատես լինի և կարողանա ժամանակին գնահատել իր ունեցածը: Ձևավորվեց ճաշակ և թիմային մտածողություն սովորեցրեց:

Մանկական ստեղծագործությունների թեմաներով նկարելը ոչ միայն շատ հետաքրքիր է, այլ նաև շատ դժվար, քանի որ երեխաները շատ լավ են գրում, և ես նկարելիս մտածում եմ` գուցե նրանք ավելի լա±վ են պատկերացնում այն, ինչից խոսում են: Երեխաները շատ անկեղծ են, և հենց դա է նրանց հաջողության գաղտնիքը:

«Արևածաղիկն» ասես չարաճճի փոքրիկ լինի` երբեմն համառ ու կամակոր, երբեմն խոհեմ ու լուսավոր, երբեմն էլ նույնիսկ ավելի իմաստուն, քան ավելի լուրջ թվացող շատ ԶԼՄ-ներ:

Համակարգչային ձևավորող`
Արտաշես Հովհաննիսյան

— «Արևածաղիկ» առաջին անգամ հարցազրույցի համար եկա 1999-ին մորս հետ` առանց իմանալու, թե ինչ տպավորություններ եմ ստանալու: Ծանոթացա ամսաթերթի խմբին, որի անդամները հետո դարձան իմ ընկերները: Ակտիվ էի խմբագրակազմում, պատրաստում էի նյութեր «Գիտունիկ Ջորջը» խորագրի համար:

Դպրոցի բարձր դասարաններում ընդունելության քննություններին պատրաստվելու պատճառով գրեթե դադարել էի նրանց հետ համագործակցելուց: Երբ արդեն Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող էի, 2007-ին «Հույսի կամուրջ»-ում ընդունվեցի աշխատանքի` որպես «Արևածաղկի» ձևավորող: Շատ տպավորված էի, որովհետև թե կազմակերպությունում, թե «Արևածաղիկ»-ում շատ բան էր փոխվել` նոր տեխնիկա, նոր հնարավորություններ, և արդեն կայացած ամսաթերթ էր:

Այստեղ զգում եմ, որ հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդկանց հարաբերություններն իսկապես հավասար են, ժողովրդավարական և կիրթ հասարակության մի փոքրիկ օրինակ:

Ամսաթերթի գործավար, մուտքագրող`
Արմինե Կարախանյան

— Երբ «Հույսի կամուրջ» եկա, 15 տարեկան էի: Սկզբում դա ինձ համար ընդամենը զբաղմունք էր, որովհետև ես հաճախում էի անգլերենի դասընթացների: Հետո ստեղծվեց «Արևածաղիկը», և ես արդեն սկսեցի հաճախել նաև լրագրության դասընթացների: Ամեն անգամ, երբ տնից դուրս էի գալիս «Հույսի կամուրջ» գալու համար, հասկանում էի, որ այստեղ ես շատ բան ունեմ գտնելու` ազատություն, անկեղծություն, վստահություն:

Մանկուց ցանկացել եմ մոդելագործ դառնալ, անգամ տիկնիկիս համար շատ հագուստներ էի մոդելավորում և կարում: Հիմա արդեն ավարտել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետը, որպես կամավոր աշխատում եմ նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ: Շատ եմ սիրում մասնագիտությունս և երեխաներին:

«Արևածաղկի» հետ կապված հիշարժան օրեր շատ կան, բայց ամենահաճելին այն է, երբ պատանի լրագրողների համար հայտարարած մեր մրցույթից հետո զանգահարում եմ երեխաներին և ասում, որ անցել են: Դրանից հետո հեռախոսից այն կողմ ուրախ բացականչություններ են լսվում:

Ես կարծում եմ, որ գեղեցկությունը հոգու մեջ է, և եթե յուրաքանչյուր մարդ  կարողանում է տեսնել դա, ուրեմն նա շատ երջանիկ է: Եվ, իհարկե, գեղեցիկ հոգին կարող է ամեն ինչ անել:

Վարորդ-առաքիչ`
Ռաֆիկ Գրիգորյան

— Արդեն 2 տարի աշխատում էի «Հույսի կամուրջում», երբ ստեղծվեց ամսաթերթը: Այսինքն` ստեղծման օրից ամսաթերթի հետ եմ և բոլորին համարում եմ իմ ընկերները: Իմ «նստավայրն» էլ խմբագրությունում է, որովհետև «Արևածաղիկը» շատ եմ սիրում, ինձ ազատ ու լավ եմ զգում ամսաթերթի աշխատակազմի հետ:

Քանի որ տպարանից ես եմ «Արևածաղիկը» վերցնում, տպագրված առաջին օրինակները միշտ իմն են: Դրանք միշտ տալիս եմ ընտանիքիս անդամներին, բարեկամներիս:

Հիշարժան օրեր շատ կան, բայց ինձ համար ամենահաճելին այն է, երբ ամսաթերթը դպրոցներ առաքելիս հանդիպում եմ բարեհամբույր վերաբերմունքի, երբ լավ են ընդունում և ուրախանում ասելով` «Մեր «Արևածաղիկը» բերեցին»: Դրանից ես ինձ լավ եմ զգում: Այդ դպրոցներ միշտ հաճույքով եմ տանում ամսագիրը:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

2 thoughts on “Գիտե՞ք ինչ է տվել մեզ «Արևածաղիկը»…

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s