«Կիրակնօրյա Երևանն եմ սիրում, երբ փողոցում քիչ մարդիկ կան»

Դավիթ Բալասանյանի հետ ես ծանոթացել եմ ինտերնետային սոցիալական ցանցերից մեկում, որտեղ էլ շուրջ մեկ տարի է` առիթ ենք ունենում զրուցելու արվեստի, մարդկանց, մեր ներքին որոնումների և շատ ու շատ նման «անսովոր» հարցերի շուրջ: Մեկ-երկու անգամ ընկերներով էլ ենք «հավաքվել», սուրճ խմել, զրուցել: Բայց այն երկխոսությունը, որ ներկայացնելու եմ, տեղի է ունեցել ոչ թե այդ հանդիպումներից ինչ-որ մեկի ժամանակ կամ հարցազրույցի պաշտոնական հրավերով, այլ դարձյալ նույն ցանցում` էքսպրոմտ կերպով:

Եվ այսպես` սկսում ենք շատ սովորական նախաբանով:

Կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանը ծնվել է 1983 թվականին` Երևանում: 2005-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 2008-ին` ասպիրանտուրան: Ներկայումս գիտական թեզ է գրում, հեղինակում հոդվածներ: Դավիթը ստեղծագործում է 10 տարեկանից: Հեղինակ է բազմաթիվ գործիքային, երգչախմբային, դաշնամուրային և սիմֆոնիկ ստեղծագործությունների, որոնք կատարվել են Հայաստանում, Վրաստանում, Բրազիլիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում: 2003 թվականին Բենջամին Բրիտենի 90-ամյա հոբելյանին նվիրված երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում նրա «Կոմպոզիցիա փայտյա-փողային կվինտետի համար» ստեղծագործությունը արժանացել է 2-րդ մրցանակի: 2006-ին Վիեննայում մասնակցել է Եվրոպայի կոմպոզիտորների կոնգրեսին: Նույն տարի Երևանում տեղի ունեցած «Նարեկացի» երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում նրա «Հիշատակի պոստլյուդ» ջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունը արժանացել է գլխավոր մրցանակի: 2009 թվականից ասիստենտ է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում: Երիտասարդ կոմպոզիտորի ստեղծագործությունները հրատարակվում են շվեյցարական «Sordino» հրատարակչությունում: Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է:

Ահա՛: Հիմա մեր վիրտուալ զրույցը` առանց սովորական պատշաճությունների:

— Դավի՛թ, արի՛ դու ինձ on-line հարցազրույց տուր մեր թերթի համար: Ի՞նչ կասես:

— Ի՞նչ կարգի հարցեր կլինեն:

— Նախ` պարզ հարցեր, որ «բացվես», հետո կսկսենք խորանալ: Հետո մեկ-երկու նկար կուղարկես, ու մեր թերթի «3-րդ հազարամյակի հայ երիտասարդը» խորագրի ներքո առաջիկա համարում քեզ կներկայացնենք:

— 3-րդ հազարամյակի՜… ճոխ է հնչում: Ուզում ես խայտառակ լինե՞մ առավոտյան անհեթեթություններով: Հազիվ եմ մտքերս կարգի բերում. ուզում եմ երաժշտություն գրել:

— Դավի՛թ, անկեղծ ասած` մեր հարցազրույցը արդեն ընթանում է:

— Գժվե՞լ ես, ա՛յ տղա. ես դեռ չեմ լվացվել. ի՞նչ կմտածի բազմաչարչար ազգս իմ մասին:

— Նոր երաժշտության թեման ո՞րն է լինելու:

— Ի՞նչ թեմա… Հա՜, թեման` արվեստ ընդդեմ բոլշևիկների և մենշևիկների, արվեստ աշխարհի ամենատաղանդավոր, ամենախելացի ազգի` հայերի համար, ովքեր առավոտյան գնում են աշխատանքի, երեկոյան գալիս տուն, միացնում հեռուստացույցը ու քնում բազկաթոռին մինչև սերիալի ավարտը:

Նշա՛ն ջան, սա թերթի նյութ չի. վե՛րջ տուր:

— Դու ինձ լրագրություն մի՛ սովորեցրու, հա՞:

— Դե դու էլ ինձ առանց իմ թույլտվության մի «խցկիր» թերթերի մեջ: Ես կա՛մ շատ լուրջ եմ խոսում, կա՛մ շատ անլուրջ: Երկուսին էլ ոչ ոք լուրջ չի վերաբերվում. երբեմն անլուրջի մեջ ավելի շատ է լուրջը, իսկ լուրջի մեջ` անլուրջը:

Հետո կարդում եմ գրածներս ու հորանջում: Պատկերացնո՞ւմ ես` ինչ ծարավով եմ հորանջում լսելիս մեր, ինչպես Ռուբեն Հախվերդյանն է ասում, «շովուբիզնեսի» ներկայացուցիչներին կապույտ էկրանից:

Ինչո՞ւ ես լսում. փոխիր ալիքը…

— Ինչու եմ լսո՞ւմ. դա ինձ զվարճացնում է երբեմն, երբ ուզում եմ ցրվել սուպերփիլիսոփայական զեղումներիցս: Ընկերս ասում է. «Երբ ես ուզում եմ ինչ-որ խելացի բան լսել, սկսում եմ խոսել»: Ու երբ ձանձրանում եմ սեփական ձայնից, երբ հոգնում եմ բոլորին ճառ կարդալուց, միացնում եմ հեռուստացույցը ու զվարճանում` մեծ ուշադրությամբ հետևելով հաղորդավարների տգիտության մակարդակի ճկուն աճին:

— «Անլուրջ» կոմպոզիտորներից ո՞ւմ ես սիրում և հատկապես ինչո՞ւ:

— Անլուրջ կոմպոզիտորներից սիրում եմ մեր ստեղծագործող երիտասարդ «շովուբիզնեսի» աստղերին, որոնցից շատերը դեռևս չգիտեն կոմպոզիտորի ու երգահանի տարբերությունը:

— Եվ դա քեզ` որպես տքնաջան աշխատանքով, ամենօրյա պրպտումներով, ընթերցանությամբ արվեստ ստեղծողի, չի՞ վիրավորում:

— Իսկ ինչո՞ւ պիտի վիրավորի: Ֆիցջերալդն ասում էր. «Երբ ուզենաս դատել մեկին, հիշի՛ր. բոլոր մարդիկ չէ, որ ունեն նույն առավելությունները, որոնք դու ունես»: Մենք բոլորս էլ` ահել թե ջահել, տգետ ենք շատ ու շատ հարցերում, պարզապես մեկի տգիտությունը աչք է ծակում, մյուսինը` ներողամտություն առաջացնում: Դա կախված է մարդու ձգտումներից:

Չեմ ուզում ճառ կարդալ, ավելի լավ է` հեռուստացույց միացնես, ես էլ սուրճ պատրաստեմ ինձ ու քեզ:

— Սուրճը դա՞ռն ես սիրում, թե՞ քաղցր:

— Քո գործը չէ. մի՛ խառնվիր անձնական կյանքիս:

— Դավի՛թ, մի երկու հարց էլ, ու ամփոփում ենք…

— Երևի ուզում ես հարցնել իմ գալիք համաշխարհային տուրնեի մասին, թե քանի ձայնասկավառակ եմ թողարկել մեկ ամսում ու թե ինչպես եմ սիրում իմ երկրպագուներին: Դե ասեմ. քանի որ ես 5 միլիարդ երկրպագու ունեմ, դա ինձ թույլ է տալիս ասելու, որ աշխարհի ամենատաղանդավոր մարդն եմ: Այդպես չէ՞:

— Բանաստեղծությունների ժողովածու էլ ես հրատարակել (2001-ին լույս է տեսել Դավիթի «Արահետներ» բանաստեղծությունների ժողովածուն- Ն. Ա.). հիմա միայն երաժշտությո՞ւն ես գրում:

— Մարդիկ երաժշտությունը պատկերացնում են բառի նեղ իմաստով: Եթե երաժշտություն ասելով շատերի պես հասկանանք միայն երգ գրելը մեր երգիչների համար, շտապեմ հայտնել քեզ մի ուրախալի փաստ. ես ընդհանրապես երաժշտություն չեմ գրում, իսկ այն, ինչ գրում եմ, իրականում լոկ նոտաների անիմաստ հաջորդականություն է:

— Այդ դեպքում ե՞րբ է պետք լսել քո երաժշտությունը, ինչի՞ պակաս լրացնելու համար:

— Նշա՛ն, մի արթնացրու իմ ԷԳՈ-ն:

— Քո ԷԳՈ-ին զսպանակնե՞ր ես դրել. ինչո՞ւ:

— Չեմ դրել. փորձում եմ խաղաղվել, առավել ես մեր քաղաքում: Միայն կիրակնօրյա Երևանն եմ սիրում, երբ փողոցում քիչ մարդիկ կան:

— Հաճա՞խ ես համերգներ ունենում… Կիրակի օրերին երևի, հա՞…

— Համերգնե՞ր. գրեթե ամեն օր` աշխարհի բոլոր անկյուններում` աշխարհահռչակ երաժիշտների հետ: Որոշել եմ նաև հայ ունկնդրին ներկայանալ իմ Արվեստով. տոմսերի գինը կսկսվի 100 հազար դրամից:

— Դավի՛թ, ի՞նչ ես երազում:

— Չեմ երազում, որ մեր հողերը վերադարձնեն, Արարատն էլ ամեն դեպքում երևում է մեր պատուհանից… Ի՞նչ եմ երազում… Չեմ երազում:

— Բայց քո բանաստեղծություններում հայրենի եզերքի կարոտ կա. հիմա փոխվե՞լ ես, մեծացե՞լ ես, թե՞ հոգնել:

— Լավ է, որ կա. ինձ դա չի խանգարում: Հողագործն իր հողը ջրելիս խցիկի առջև կապիկություն չի անում…

Ահա այսքանը: Ես շնորհակալություն եմ հայտնում Դավիթին, նա` ինձ, ու շտապում եմ դուրս գալ ցանցից` մի բաժակ սուրճով խմբագրական աշխատանքին նախապատրաստվելու համար: Հա՛, քիչ մնաց մոռանայի. Դավիթի ստեղծագործությունները կարող եք լսել այստեղ:

Նշան Աբասյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

5 thoughts on “«Կիրակնօրյա Երևանն եմ սիրում, երբ փողոցում քիչ մարդիկ կան»

  1. )))))))……Davit@, voch miayn taghandavor kompozitor e, hianali arvestaget, aylev shat bari mard, anpoxarineli @nker u chapazanc hetaqrqir zrucakic !!!! ….

    P.S. sa el govazd cher !!!

  2. Haaa, Davitin es el em i-net-ic chanachum, bayc virtual shpum@ chi xangarel, vor ereva nra taxand@, na naev taxandavor parz e, xosq@` xoramit u anpachuych, urax em, vor tekuz i-net-ov, shpvel em nra het. Erani mer azg@ shat unenar aysqan lav eritasardner……Hianali harcazruyc er, Nshan, anmijakan u gravich…..

  3. Eto intervyu podxodit dlya uzkogo kruga intlektualno i duxovno razvitix chitateley,tak kak v nem imeyutsya cicati,i podteksti,kotorie ne mnogie smogut pravilno vosprinyat i ocenit,a takje ostrota mishleniya,yumor,kotoraya prisuche Davidu!.Uznayu ego podcherk.interesno.Spasibo)))))))
    Jelayu tvorcheskix uspexov!

    • Լիանա ջան, շնորհակալ ենք մեկնաբանության համար, բայց պետք չէ թերագնահատել մեր ընթերցողին: Մենք կարծում ենք, որ Դավիթի նման մարդկանց շատ ավելի հաճախ պետք է ներկայացնել լայն հանրությանը: Իսկ թե ով ինչքան և ինչպես կհասկանա, դա թողնենք ընթերցողներին

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s