Չորս պատմություն

Այսօր մեզ հետ կողք կողքի ապրում, սովորում, ստեղծագործում և աշխատում են մարդիկ, ովքեր ամենից լավ գիտեն, թե ինչ է նշանակում խիստ թեք գետնանցումներ, անհարմարավետ երթուղային, առանց թեքահարթակի շենքեր, խանութներ, իսկ երբ դրան ավելանում են մեր խեթ հայացքները, մեզնից շատ շատերը, համոզված եմ, կասեին վերջ ու կդնեին վերջակետ:

Մինչդեռ կան և խիզախներ, որոնք ակտիվ կյանքով ապրելով, կոտրում են հաշմանդամ մարդու մասին վաղուց հնացած կարծրատիպերը և ապացուցում, որ մարդիկ հաշմանդամ չեն ծնվում, այլ նրանց այդպիսին դարձնում է հասարակությունը` ամեն օր «չ»-երի մի մեծ պարկ ուսին բերելով:

Եթե ուժերիդ վստահես, անպայման կհաղթես

«Ուզում եմ, որ մեր քաղաքում հարմարություններ լինեն, ճիշտ է, ես արդեն սովորել եմ, ամեն տեղ գնում եմ, աստիճան ու ծառ էլ եմ բարձրանում, բայց մեր քաղաքում կան տեղեր, որ ոչ միայն ինձ համար են վտանգավոր: Մենակ ես չեմ, շատ մարդիկ կան», —  Արտակ Դավթյանը: Նա սովորում է 150-րդ դպրոցի 7-րդ դասարանում: Դպրոցն արդեն յոթ տարի է` իրականացնում է ներառական կրթություն և սերտորեն համագործակցում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ:

Արտակը հաճույքով է դպրոց հաճախում.

— Այստեղ ինձ համար շատ հարմարավետ է: Նոր գիտելիքներ եմ ստանում: Ամենից շատ հայոց լեզու ու եկեղեցու պատմություն առարկաներն եմ սիրում: Դպրոցս սիրում եմ նաև նրա համար, որ ինձ շատ ընկերներ տվեց: Իմ ամենամոտ ընկերը Սարգիսն է:

Արտակն ունի բազմաթիվ հետաքրքրություններ` համակարգիչ, խաղեր, կավագործություն, բայց ամենից շատ լողն է սիրում.

— Արդեն վեց տարի է, ինչ լողի եմ գնում: Պարապմունքներն իրականացնում է Հաշմանդամային սպորտի հայկական ֆեդերացիան: Սկզբում խեղդվում էի, առանց հատուկ օղակի չէի կարողանում, բայց հիմա կարող եմ երեք ձևով էլ լողալ:

Արտակը վերջին մրցումների ժամանակ 3-րդ կարգի մրցանակ է ստացել.

— Այդ օրը շատ լավ լողացի: Եթե փորձերի ժամանակ 50 մետրը, բրաս ձևով, անցնում էի 3 րոպե 27 վայրկյանում, այդ օրն անցա 2 րոպե 9 վայրկյանում: Փորձերից 14 վայրկյան արագ էլ լողացի 50 մետր տարածությունը մեջքի վրա լողի ժամանակ: Եթե քո ուժերին վստահ ես, ապա անպայման կհաղթես:

Ռոբոտներն ու կախարդական այգին

Այս դպրոցում հանդիպեցի և իմ մյուս պատանի զրուցակցին` Արտյոմ Մամարյանին: Արտյոմը 5-րդ դասարանում է սովորում, բայց արդեն բազմաթիվ ծրագրեր ունի ապագայի վերաբերյալ: Սկզբում ասաց, որ ցանկանում էր վարորդ դառնալ. «Որ ծեր մարդկանց տեղափոխեի իմ մեքենայով», հետո` դիվանագետ. «Խելքի դար է, համ էլ ուզում եմ, որ մուրացկաններ չլինեն, բոլորը հավասար լինեն», բայց կարծես թե վերջնականապես որոշել է ինժեներ դառնալ և ռոբոտներ պատրաստել: Բայց միայն դա չէ: Վերջիններն իրենց առաքելությունը պետք է ունենան.

— Ուզում եմ քանդել բոլոր խաղատները և ծառեր, ծաղիկներ տնկել, որ բնությունը շատ լինի, իսկ իմ ռոբոտները կհսկեն բնությունը:

Արտյոմը դպրոց շատ է սիրում.

— Մամայիս ասում եմ, որ մեր Ավանի տունը վաճառենք և գանք այստեղ տուն գնենք, որ դպրոցին մոտ լինի, բայց…

Արտյոմը նաև կենդանիներ է շատ սիրում.

— Տանը թութակ ունենք` Ռոման: Նրան կերակրում եմ, գազար շատ է սիրում, բայց մեկ-մեկ մատս կծում է կեր տալիս:

Իմ զրուցակիցը նաև ձի վարել է սովորում.

— Ո՜ւխ, էնքան լավն է: Անունը Ռուխ է: Դեռ չեմ կարողանում ինքնուրույն վարել, բայց վրան նստում եմ: Այնտեղ երկու գամփռ շներ կան. մեկը սև է, մյուսը` շագանակագույն, վերջինին ավելի շատ եմ սիրում. շատ փափուկ մորթի ունի: Մի անգամ այնքա՜ն էին ինձ լպստել:

Արտյոմը նաև նկարում է.

— Մի անգամ պապիկս ինձ պատմեց, թե ինչից է առաջանում հրաբուխը: Այն ինձ այնքան ոգևորեց, որ սկսեցի հրաբուխներ նկարել: Կարող է և հրաբխի մասնագետ էլ դառնամ…

Պատանի նկարիչը

Իմ հաջորդ զրուցակիցը նույնպես նկարել շատ է սիրում: Նկարում է ամեն տեղ և ինչ ձեռն ընկնի. թե՛ նկարչական թղթի, թե՛ պարզապես տետրի մեջ` մատիտով, գրիչով, գուաշով, ջրաներկով: Կարևորը մուսան է:

Հայկ Հարությունյանը սովորում է 6-րդ դասարանում: Ցանկանում է հանրահայտ նկարիչ դառնալ: Իսկ առաջին քայլերն արդեն արված են. դպրոցում ունեցել է իր անհատական ցուցահանդեսը:

— Ամեն ինչ էլ նկարում եմ` բնություն, ծով, բայց ամենից շատ պատերազմներ եմ պատկերում, երբ կան շատ տանկեր, հրթիռներ: Իմ նկարներում, սակայն, միշտ էլ մենք ենք հաղթում, թշնամին պարտվում է: Դիմանկարներ էլ եմ անում. ունեմ մայրիկիս դիմանկարը: Սիրում եմ նաև նկարն ուլունքներով գունազարդել:

Նկարչությունից բացի` Հայկը սիրում է մաթեմատիկա, աշխարհագրություն և ռուսերեն առարկաները: Սիրում է և ընթերցել` հատկապես Թումանյանի հեքիաթները. միգուցեև դրանցով էլ ոգեշնչված` ծագել է մեկ այլ երազանք.

— Կուզեի անտառում մի տնակ ունենալ և այնտեղ` շատ կենդանիներ, բայց ամենակարևորը, որ հասկանայի այդ կենդանիների լեզուն:

Զարթուցիչը ինքս եմ լարում

— Ամեն երեկո` քնելուց առաջ, լարում եմ այն: Մի օր մոռացել էի` ուշ արթնացա, արդեն սովորել եմ իմ զարթուցիչին, — ասում է 3-րդ դասարանի աշակերտուհի Ասյա Կարապետյանը:

Այս հրաշքի աշխատասիրությանը շատերդ կնախանձեք.

— Առանց աշխատանքի ոչ մի բան չի լինում, — ասում է Ասյան, — բոլոր առարկաներն էլ լավ եմ սովորում, բացի անգլերենից, բայց ընկեր Սուքիասյանն ինձ օգնում է: Ուզում եմ այս տարի գերազանցիկ լինել:

Ասյան ընթերցել նույնպես սիրում է.

— Կարդացել եմ Թումանյանի «Գիքորը». ցավալի էր, չէ՞, շատ տխուր պատմություն է: Ինձ դուր է եկել նաև «Կարմիր գլխարկը»: Նրա պես կուզենայի լինել, այդ գլխարկից ունենալ:

Ազատ ժամանակ Ասյան այնքան էլ չի ունենում.

— Դասերը շատ են, երբ վերջացնում եմ, արդեն քնելու ժամն է: Որ ժամանակ լինում է, հեռուստացույց եմ դիտում. շատ եմ սիրում կատակներ: Մեկ-մեկ բակ եմ իջնում: Այնտեղ ընկերներ շատ ունեմ` Դիանան, Միլենան, Արտակը: Տունտունիկ ենք խաղում:

Ասյայի համար դպրոցից հետո ամենասիրելի տեղը իրենց Ամասիա գյուղն է` Լենա տատիկի և Յուրա պապիկի մոտ:

— Այնտեղ շատ մրգեր կան` խնձոր, բալ… ժամանակն այնտեղ արագ է անցնում: Ինձ ասացին, որ գառնուկ է ծնվել, անհամբեր սպասում եմ, որ նրան տեսնեմ: յուղում մի մեծ հեծանիվ էլ ունեմ, բայց հիմա չեմ կարողանում քշել, որ մեծանամ, անպայման կկարողանամ:

Լիլիթ Քոչինյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s