Ամեն ինչ կյանքում հնարավոր է

22-ամյա Խաչատուր Ենգոյանը սովորում է Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում, որն առաջին կոնսերվատորիան էր Գերմանիայում (1843-ին հիմնել է Ֆելիքս Մենդելսոնը) և ամենահայտնիներից մեկը Եվրոպայում:

Խաչատուրն ուսանում է նվագախմբային ֆակուլտետի ալտի բաժնում` պրոֆեսոր Տատյանա Մազուրենկոյի դասարանում:

Ժամանակի հիմնական մասը կրթությանն է հատկացնում, որովհետև Գերմանիայում սովորելու համար շատ բաներ պետք է հասցնի, որպեսզի կարողանա երաժշտական և այլ գիտելիքների պահանջված մակարդակն ապահովել: Հայաստանում իր ժամանակը մեծ մասամբ նվիրում է ընկերներին, ում ամենամեծ հարստություններից մեկն է համարում աշխարհում:

Իսկ արտասահմանում սովորելու ցանկությունն ի սկզբանե ուներ, երբ դեռ նոր էր ընդունվել Կոմիտասի անվան կոնսերվատորիա:

— Իմ դասախոս Ռուբեն Ալթունյանը, ում ես շատ բանով եմ պարտական, ինձ միշտ խորհուրդ էր տալիս կրթությունս շարունակել Եվրոպայում, ասում էր, որ այնտեղ միջավայրը լավն է, կարող եմ շփվել լավ երաժիշտների հետ, գիտելիքներ ու փորձ ձեռք բերել:

Լայպցիգ մեկնելը պատահական ստացվեց: 2006-ին, երբ նոր էի ընդունվել կոնսերվատորիա, որոշեցի մասնակցել “Young Concert Artist” հեղինակավոր մրցույթին, որն անցկացվում էր հենց այդ քաղաքում: Մրցույթը շատ բարդ էր, և ես առաջին փուլից դուրս մնացի: Այդ ժամանակ հասկացա, թե ինչ մակարդակ է հարկավոր լավ երաժիշտ լինելու համար:

Հենց այնտեղ էլ համերգների պաստառներին կարդացի Տատյանա Մազուրենկոյի անունը, հետաքրքրվեցի, տվյալները վերցրի, ինտերնետով տեղեկություններ հավաքեցի նրա մասին և երկու տարի անց որոշեցի գնալ և հենց նրա մոտ սովորել:

— Իրականում հեքիաթի է նման պատմածդ, ինչպե՞ս դա արեցիր:

— Ծնողներս գիտեին իմ ցանկության մասին, բայց ինձ հույս չէին տալիս, որովհետև ինձ օգնելու իրական հնարավորություններ չունեին: Բայց ես համառեցի և նույնիսկ մրցույթին մեկնելու համար հովանավորներ գտա: Սկսեցի փնտրել, շրջել տարբեր կազմակերպություններով` հասարակական, բարեգործական:

Մոտ երկու ամիս հովանավորներ էի փնտրում, փորձում էի անմիջապես տնօրենների հետ խոսել, ներկայացնում էի այն ամենը, ինչին հասել եմ` կենսագրականից մինչև դիպլոմներն ու պատվոգրերը, որ ստացել էի հանրապետական մրցույթների ժամանակ: Պատմում էի, թե որքան բան եմ արել նպատակիս հասնելու համար:

Բազմաթիվ մերժումներից հետո գտնվեց այն մարդը, որը խոսեց ինձ հետ և զգաց, թե որքան շատ եմ ցանկանում սովորել: Նա Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմըթի Սթրեյթն էր, որն ինձ աջակցեց և ասաց` գնա փորձիր: Փորձեցի ու հաջողվեց:

Հետո սկսվեց ավելի լավ, բայց ավելի բարդ մի գործընթաց, երբ ստացա ուսանելու իրավունքը: Արդեն սկսեցի այլ հովանավորներ փնտրել: Նույն մարդն ինձ օգնեց տարբեր կազմակերպությունների դիմելու: Արդյունքում` ինձ շատ մեծ աջակցություն ցուցաբերեց “Սիվիլիթաս” հիմնադրամը, որն իր հնարավորությունների չափով ֆինանսներ տրամադրեց և օգնեց այլ հովանավորներ գտնելու, որոնց շնորհիվ ես շարունակում եմ իմ կրթությունը Գերմանիայում:

— Թա՞նկ է արդյոք կրթությունը Գերմանիայում, և ի՞նչ դեր է խաղում գումարն այս պարագայում:

— Այնտեղ անվճար ուսուցում գոյություն չունի: Բայց Լայպցիգի համալսարանում ուսման վարձը սիմվոլիկ է: Ես մեկ կիսամյակի համար վճարում եմ 87,50 եվրո: Դա, իհարկե, ծիծաղելի գումար է այն կրթության համար, որ ստանում եմ այդ համալսարանում:

Բայց գումարը չի կարող որոշիչ լինել, որովհետև չես կարող համալսարան ընդունվել միայն այն պատճառով, որ փող ունես: Պարտադիր մասնակցում ես քննություններին, նվագում ես, և նրանք տեսնում են` կարողանո՞ւմ ես արդյոք նվագել, իրենք կկարողանա՞ն քեզ ինչ-որ բան սովորեցնել, թե՞ ոչ: Ֆակուլտետներում տեղերը սահմանափակ են:

— Մի փոքր հայ և գերմանացի ունկնդրի մասին կխոսե՞ս:

— Մարդիկ, որ Հայաստանում հաճույքով են հաճախում համերգների, քիչ են. կամ երաժիշտ են, կամ երաժշտությանը մոտ կանգնած մարդիկ: Ցավոք, կա նաև մարդկանց մեկ այլ տեսակ, որը համերգի է գալիս, որովհետև դա պատվաբեր է, տոմսերը թանկ են, ու հեղինակավոր երաժիշտներ են նվագելու: Հենց նրանք էլ հիմնականում խանգարում են համերգի ընթացքին:

Գերմանիայում մարդիկ քաղաքակիրթ են: Մարդը, որ նույնիսկ երաժշտություն չի հասկանում, անպայման հաճախում է համերգների, որովհետև գիտի, որ իրեն հոգևոր սնունդ է անհրաժեշտ: Բայց նույնիսկ այս դեպքում համերգի ընթացքում երբեք ոչ ոքի չի խանգարի, իրեն այնպես չի պահի, որ երաժիշտը բեմում վատ զգա:

Այսուհանդերձ, Հայաստանի համերգասրահներում ավելի շատ են լինում մարդիկ, ովքեր հետաքրքրված են երաժշտությամբ և հասկանում են, ովքեր եկել են երաժշտության համար, հենց այդ կատարումը կամ ստեղծագործությունը լսելու:

— Որտե՞ղ և ինչպե՞ս ես տեսնում քո ապագան առաջիկա տարիներին:

— Եթե ուսման մեջ հաջողությունների հասնեմ և լավ մասնագետ դառնամ, գիտեմ, որ Հայաստանում աշխատանք գտնելը շատ դժվար կլինի ինձ համար: Գտնելու դեպքում էլ շատ քիչ կվարձատրվեմ: Այդ պատճառով կարծում եմ, որ կաշխատեմ Գերմանիայում: Բայց հետագա տարիների համար չէի ցանկանա նույնն ասել: Չեմ ուզում մշտապես ապրել արտասահմանում ու դրա համար ամեն ինչ կանեմ:

— Ի՞նչ է պետք հաջողությունների հասնելու համար, ո՞րն է գաղտնիքը:

— Գաղտնիքը շատ պարզ է. պետք է ունենաս հստակ նպատակ ու չհանձնվես: Որովհետև կյանքը ցույց է տալիս, որ անգամ ամենաանհնարին թվացող բանը հնարավոր է դառնում: Ես սիրում եմ անընդհատ կրկնել` ամեն ինչ կյանքում հնարավոր է, եթե մարդ շատ ցանկանա, եթե ամեն ինչ անի դրա համար: Երբեմն նույնիսկ ավանակի համառություն է պետք: Ոչ այն իմաստով, որ նպատակի համար ամեն ինչ կարելի է անել, ոչ: Գոյություն ունեն բարոյականության և զոհողության սահմաններ, որոնք չի կարելի անցնել:

Զարուհի Բաթոյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s