Անկեղծ զրույց` տանիքում

Ռուբեն Հախվերդյան. այս անունը լսելով շատերի մտքին են գալիս այն հին ու նոր երևանյան երգերը, որ մեզանից շատերն են իրենց կյանքում գոնե մեկ անգամ լսել, իսկ շատերն էլ հենց այդ երգերի տակ սիրահարվել, երազել , փնտրել ու գտել են այն հարցերի պատասխանները , որ գուցե և շատ հաճախ գիտեին , բայց և այնպես համարձակություն չէին ունենում խոստովանելու ու բարձրաձայնելու:

Այս տարի լրացավ շատ ու շատ սիրելի  հեղինակ –կատարող Ռուբեն Հախվերդյանի, կամ ինչպես իր մտերիմներն են իրեն ասում «մեր էրևանցի Ռուբենի» 60-ամյակը: Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Ռուբեն Հախվերդյանի` իր  60-ամյա տարեդարձին նվիրված մենահամերգը, որը կազմակերպվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ ու աջակցությամբ: Ինչպես Ռուբեն Հախվերդյանը իր շնորհակալական  խոսքում նշեց , պարոն Սարգսյանը խոստովանել է , որ հենց իր` հեղինակի երգերի շնորհիվ է , որ  ինքը  կիթառ նվագել է  սովորել :

Ինչպես գիտենք, յուրաքանչյուր համերգի գլխավոր մասն է կազմում բեմը , իսկ այս դեպքում բեմը հետաքրքիր և յուրաոճ էր . այն ուներ տանիքի տեսք` ալեհավաքներ, լվացք և իհարկե աստղազարդ երկինք ու լիալուսին:  Այս ամենը ավելի ջերմ ու անմիջական մթնոլորտ էր ստեղծում: Իսկ այն հարցին , թե ինչու է հենց տանիքի տեսքով կառուցվել բեմը , սիրելի երգիչը պատասխանեց. «Իմ բոլոր երգերն էլ կարծես տանիքի վրա գրված երգեր լինեն, այսինքն երգեր, որ սրտից բխած , անմիջական են , ինչպես տանիքի տակ գրված երգերը»: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Ռուբեն Հախվերդյանը սիրում է , երբ իր երգերը կատարում են ուրիշները, հեղինակը պատասխանեց. «Ես կարծում եմ , որ եթե երգը չեն երգում , ապա այն մեռած է: Միայն թե կատարելիս բառերը չփոխեն»:

Համերգը սկսվեց «Երևանի գիշերներում» երգով հեղինակի կատարմամբ: Հնչում էին նաև տեսաուղերձներ, որոնցում Հախվերդյանին  շնորհավորում էին իր արվեստ իսկապես գնահատող մեծերը:

Գրող Պերճ Զեյթունցյան. «Ռուբեն Հախվերդյանի երգերում արտահայտված է սերնդի հոգու պատմությունը , անկեղծությունը ,խոսքի ու ձայնի անկեղծությունը»:

Արվեստբան Հենրիկ Հովհաննիսյան (ով եղել է նաև Ռուբեն Հախվերդյանի դասախոսը). «Ռուբենի երգերը կարոտի ու հեգնանքի երգեր են , որտեղ սենտիմենտը հեգնանքով է ներկայացվում: Հախվերդյանն իր երգերում վերարտադրում է ոչ թե էմոցիան , այլ էմոցիայի իմաստը: Նա այն երգիչն է, ով հեգնանքով քավում է կարոտն ու թախիծը…»:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան. «Զարմանում եմ , թե ինչ շուտ անցավ ժամանակը, և դու հիմա  արդեն 60 տարեկան ես: Հիշում եմ , երբ դու դեռ փոքր էիր, մայրդ ինձ  հեռախոսով քո գրածներն էր կարդում… Ցավում եմ, որ   չունեցար հետևորդներ, երիտասարդներ, ովքեր կշարունակեին քո գործը, կգնային քո ճանապարհով ու կգրեին քաղաքային երգեր…»:

Ազատամարտի հերոս դուշման Վարդանի մայրը` տիկին Զարիկ. «Ուրախ եմ , որ շրջապատն ու ծանր պայմանները չփոխեցին Ռուբենին: Նրա երգերը` պայքարող, ըմբոստ, անաչառ, միշտ ոգեշնչում էին մեր հորոս տղաներին  , ուժ էին տալիս նրանց: Նրա երգերը , տաղանդը միշտ հայ ժողովրդի հաղթանակի ուղեկիցն են  եղել…»

Օպերային երգիչ Բարսեղ Թումանյան. «Դու նախահայրը եղար երևանցի հասարակության: Ինչպես Խորենացին Խորենացիների նախահայրն էր, այնպես էլ դու հիմք դրեցիր մի հասարակության , որը կոչվեց երևանցի: Դու երևանցիների իրական , հոգևոր ձայնն ես…՚»

Համերգի ընթացքում հնչեցին Հախվերդյանի երգերը ոչ միայն հեղինակի , այլև հյուրերի ` Մխիթար Ավետիսյանի, Սիրուշոյի, Դավիթ Ամալյանի, փոքրիկ «Աստղիկ»-ների , Լեյլա Սարիբեկյանի և այլոց կատարմամբ:

Ռուբեն Հախվերդյանի յուրաքանչյուր երգ ունի իր նախապատմությունը: Օրինակ «Բարի լույս , տիկին Արուս» երգը հեղինակի խոսքերով հայ կնոջ կերպարն է իր մեջ ամփոփում: «Երևի կհիշեք , երբ դպրոցական տարիներին հավաքվում էինք ինչ –որ մեկի տանը , դրանից հետո այդ տան մայրը կարծես դառնում էի բոլորիս մայրը, քանի որ մոր նման տարբեր ափսեների մեջ մեզ ճաշ էր տալիս»,- ասում է հեղինակը:

Կամ օրինակ «Իմ փոքրիկ նավակ»  երգի մեղեդին, ինչպես հեղինակն է ասում, առաջին մեղեդին է եղել , որի համար նա բառեր է գրել: «Մի անգամ ինչ-որ մի տեղ տեսա այդ երգը , որի վերնագրի մոտ գրված էր «հայկական ժողովրդական երգ՚, ինչի համար ճիշտ ասած  շատ հպարտ էի ինձ զգում»,- համեստորեն ժպտալով ասում է հեղինակը:

Իսկ ջերմ մթնոլորտում անցած համերգի վերջում հնչեց երևանցիների կարծես օրհներգը դարձած նույնքան ջերմ ու անկեղծ  «Սա Երևանն է» երգը: Սակայն հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո Հախվերդյանը կատարեց  ևս մի երգ` «Կտակ», որն էլ եղավ այս տպավորիչ ու անմոռանալի համերգը եզրափակիչ կատարումը:

Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին ու ցանկանում մեր սիրելի Ռուբենին անսպառ ուժ ու եռանդ , և թող երբեք ոչ մի դժվարություն հուսահատության պատճառ չդառնա, և ստեղծագործական ձիրքն  միշտ լինի մեր սիրելի Ռուբեն Հախվերդյանի անբաժան ընկերը: Ծնունդդ շնորհավոր, Ռուբեն:

Լիա Սայադյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s