Անհավանական, բայց իրական պատմություն

«Ֆեյսբուք» սոցիալաական ցանցում.

— Բարև, Զառա՛ ջան, գիտե՞ս` քեզ որտեղի՞ց եմ ճանաչում:

— Բարև: Որտեղի՞ց:

— Հիշո՞ւմ ես Ստեփանավանի հոգեբանական կենտրոնը:

— Տասը տարի առա՞ջ:

— Այո՛, ես ութ տարեկան էի, բայց ձեզ բոլորիդ շատ լավ եմ հիշում: Ինձ թվում էր, թե աշխարհի ամենաբարի մարդկանց մեջ եմ հայտնվել: Շատ էր դուրս եկել այն միտքը, որ արևածաղիկը մենք ենք` մի մեծ արևի տակ: Այդ ժամանակ էլ հասկացա, որ պետք է լինես ճիշտ պահին` ճիշտ տեղում և սիրես քո կողքիններին:

— Մեր կազմակերպությունը նոր էր ստեղծվել:

— Հիշում եմ ձեր թատերական ներկայացումը: Շատ հետաքրքիր էր տեսնել մարդկանց, ովքեր տարբեր դժվարություններ ունեն և անկաշկանդ խաղում են շատ գեղեցիկ դերեր: Բոլորդ մեկ ընտանիքի նման էիք: Ինձ գրավեց ջերմությունը, որ տեսա ձեր մեջ: Երևի այդ պահին ձեր մեջ եղած մեծ սերը ստիպեց, որ ես էլ ձեզ շատ սիրեմ: Հետո երբ գնացիք, ձեզանից մնացել էր միայն մեկ ամսաթերթ ու շատ հիշողություններ:

— «Արևածաղի՞կը»:

— Այո՛, դա «Արևածաղիկի» հինգերորդ համարն էր, որտեղ տպագրվել էր Շուշան Պետրոսյանի հետ հարցազրույցը, լուսանկարում էլ դու կայիր: Մի անգամ Շուշան Պետրոսյանին հանդիպեցի ինչ-որ միջոցառման ժամանակ, նույնիսկ քո մասին հարցրի:

— Իսկ ինչո՞ւ էիր մեզ փնտրում:

— Մեր հանդիպումից հետո ես միշտ մտածում էի, որ ավելի լավ է ձեզ նամակներ գրեմ ոգևորելու համար և ասեմ, թե որքան եմ ձեզ սիրում ու կարոտում: Հետո, երբ մի քանի նամակ գրեցի ու պատասխան չստացա, մտածեցի, որ շատ զբաղված եք. դե, Երևանի զբաղվածությունն ուրիշ է:

— Մենք նամակներ չենք ստացել:

— Մեր առաջին հանդիպումից երկու տարի անց մահացավ մայրս, ով աշխատում էր հենց այդ հոգեբանական կենտրոնում, ուր դուք հյուրընկալվել էիք: Հիշում եմ, առաջին բանը, որ արեցի, ձեզ մի շատ հուզիչ նամակ գրելն էր, որում ասում էի` ես հիմա մենակ եմ, և ինձ շատ պետք եք: Միշտ սպասում էի, որ կգտնեմ ձեզ:

Ամեն տարի Ամանորի նախաշեմին, երբ բոլորը Ձմեռ պապիկից բազմաթիվ նվերներ էին խնդրում, ես ուղղակի գրում էի, որ ինձ տար այն սերն ու ջերմությունը, որը ես տեսա «Արևածաղիկի» երեխաների մեջ: Հետո աղոթում էի, որ գտնեմ ձեզ: Ու այդպես ես էլի մի փոքր մեծացա:

Մի անգամ Նոյեմբերյանում մի հասարակական կազմակերպությունում նորից տեսա «Արևածաղիկը»: Շատ էի ուրախացել:  Նոր համարներ վերցրեցի, գնացի տուն և ագահաբար սկսեցի կարդալ:

— «Հույսի կամուրջի» Նոյեմբերյանի մասնաճյուղում ես եղել:

— Մի քանի տարի անց գնացի բանակ ու, բարեբախտաբար, հենց Նոյեմբերյանում ծառայեցի:

— Իսկապե՞ս:

— Այո՛, և արդեն հնարավորության դեպքում գնում էի կազմակերպություն և ամսաթերթեր վերցնում:

— Ինչպե՞ս գտար մեզ:

— Արդեն տեղափոխվել էի Երևան, աշխատում էի մի մանկական սրճարանում, որի անունն էր «Առլեկինո»: Պարզվում է` դուք ձեր ծննդյան տարեդարձը նշում էիք մեկ այլ սրճարանում, որի անունը նույնպես «Առլեկինո» էր: Ձեր հյուրերից մի քանիսն այդ օրը շփոթել էին հասցեն ու եկել այն սրճարան, որտեղ ես եմ աշխատում: Այդպես ես իմացա, որ այդ օրը «Արևածաղիկի» ծննդյան օրն է: Առիթը բաց չթողեցի. խնդրեցի, որ ինձ կես ժամով փոխարինեն, և եկա ձեր տոնին: Ճիշտ է, ոչ ոք ինձ չճանաչեց, չհիշեց, բայց ես ինձ շատ երջանիկ զգացի:

— Ինչո՞ւ չմոտեցար, չխոսեցիր:

— Չգիտեի` ի՛նչ ասել, ինչպե՛ս ասել: Կարևորը` գտել էի ձեզ:

Սիրելի՛ ընթերցող, այս պատմությունը, որքան էլ անհավանական է թվում, միանգամայն իրական է: Այդ պատճառով էլ որոշեցի այն կիսել ձեզ հետ: Իմ հերոսը` Եգոր Համբարյանը, վաղն այցելելու է մեր խմբագրություն: Մենք երջանիկ ու շնորհակալ ենք Եգորի նման ընթերցող և ընկեր ունենալու համար, ում անսահման սիրո և հավատարմության շնորհիվ շարունակում ենք հավատալ հրաշքների:

Անթիվ հրաշքներ ձեզ, բոլորիդ:

Միշտ ձեր` «Արևածաղիկ» ամսաթերթի գլխավոր խմբագիր` Զարուհի Բաթոյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s