Դե՛, սկսեցի՛նք

Հիմա նոր գործեր նախաձեռնելու ամենալավ շրջանն է: Տոները վաղուց հետևում են, ամռանն էլ դեռ ժամանակ կա: Փոքր-ինչ ծանրաբեռնվելը չի խանգարի ոչ ոքի, որպեսզի հետո հանգիստն էլ իմաստ ունենա:

Ամենակարևորն այն է, թե ի՛նչ ենք անելու, և այդ ամենն ինչո՛վ է հարստացնելու մեր կյանքը:

«Արևածաղիկ» ամսաթերթի խմբագրության անդամները ևս իրենց համար ստույգ քայլեր են նախանշել, որոնց հատկապես պետք է ուշադրություն դարձնեն առաջիկայում:

Մեզանից ոմանք, օրինակ` որոշել են այս տարի ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց անձնական կյանքին և ընդհանրապես տարին նվիրել հենց իրենց: Ամրապնդել կապերն ընկերների, նոր մարդկանց, մասնավորապես` մշակույթի ոլորտի հետ: Ոմանք փորձելու են զարգացնել իրենց օտար լեզվի գիտելիքները դասընթացների և ընթերցանության միջոցով:

Մի մասն էլ ծրագրել է ճամփորդել, հյուրեր ընդունել արտասահմանից, Հայաստանի տարբեր մարզեր ու քաղաքներ այցելել լուսանկարելու համար: Եվ, իհարկե, զարգացնել իրենց հմտությունները մասնագիտական ոլորտում:

Մեր ուսանողներն այս տարի պետք է իրենց կրթությունն ավարտեն համալսարանում, դիպլոմային աշխատանք գրեն, սիրահարվեն և գուցե` մեքենա ձեռք բերեն:

Ինչ վերաբերում է ձեզ, սիրելի՛ ընթերցող, ապա մեզ հայտնի է, որ դպրոցականներն իրենց «նորաձևությունն» ունեն, և թե ի՛նչ և ինչպե՛ս անել` նրանց թելադրում է բացառապես ընկերական շրջապատը: Սա իր լավ և վատ կողմերն ունի, բայց մենք միայն լավ կողմը կնշենք. դուք կարող եք ոչ միայն հետևել և ենթարկվել ուրիշի թելադրած ճաշակին ու ոճին, այլ նաև ինքներդ կարող եք օրինակ ծառայել ձեր ընկերներին, ովքեր գուցե պարզապես իրազեկության և ինֆորմացիայի պակաս ունեն:

Եթե դուք ձեր ազատ ժամանակն անց եք կացնում սերիալներ դիտելով կամ ժամերով ընկերների հետ հեռախոսով խոսելով, գուցեև ոչ մի վատ բան չկա, ուրեմն դուք ավելին ունենալու և ավելիին ձգտելու կարիք չունեք:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ուզում եք թարմացնել ձեր կյանքը, տարբերվել մյուսներից և ձեր օրն ավելի հարստացնել, դրա համար շատ բան հարկավոր չէ:

Մարդուն իրական հաճույք պարգևելու և զարգացնելու ամենալավ միջոցը մնում են գրականությունը, կինոն, թատրոնն ու երաժշտությունը, մի խոսքով` արվեստին ամբողջությամբ ճյուղերը:

Գի՛րք կարդացեք, համե՛րգ գնացեք, թատրոն և ցուցասրահներ այցելեք:

21-րդ դարի ամենամեծ ձեռքբերումն անշուշտ տեղեկատվական տեխնոլոգիաներն են, և համացանցի ընձեռած հնարավորություններն այսօր մի քանի անգամ հեշտացրել են մեր կյանքը: Բայց, ցավոք, պատանիներից շատերն այսօր ինտերնետ ասելով հասկանում են միայն «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը, որի համար շատերը նույնիսկ համակարգիչ են գնում: Բայց հենց ինտերնետում կարող եք հետաքրքիր ինֆորմացիա գտնել, որը ձեզ կօգնի կողմնորոշվելու` ինչո՞վ զբաղվել, ի՞նչ նոր բան սկսել: Մնում է միայն դրանից ճիշտ և արդյունավետ օգտվելու ձևը որդեգրեք:

Եթե համացանցը դեռ հասանելի չէ ձեզ, ապա ընկերներից հետաքրքրվեք, թե ի՛նչ դասընթացներ կամ խմբակներ են նրանք հաճախում: Այս հարցում լսե՛ք նաև մեծերի կարծիքը, որովհետև դրանց որակի և մակարդակի մասին նրանք գուցե ավելին իմանան: Օտար լեզուների, լուսանկարչության, պարի, նկարչության, համակարգչային, մի խոսքով` բազմաթիվ դասընթացները ձեզ նոր գիտելիքներ և հմտություններ կտան: Դրանք կարող են կազմակերպվել դպրոցներում, հասարակական կազմակերպություններում, ակումբներում և այլուր: Դրանք հաճախ նաև անվճար են լինում:

Կարող եք այցելել նաև տարբեր ակումբներ, որտեղ տարատեսակ քննարկումներ են անցկացվում ինչպես դպրոցականների, այնպես էլ երիտասարդների համար: Դրանք ոչ միայն արտահայտվելու և բանավիճելու առիթ են, այլ նաև նոր ծանոթներ ու ընկերներ ձեռք բերելու հնարավորություն: Ակումբները ևս սովորաբար գործում են հասարակական կազմակերպություններում, մշակութային օջախներում, արվեստի միություններում և այլն:

Եթե նախընտրում եք անհատական աշխատանքը, կարող եք ձեր անձնական բլոգը բացել. ստեղծագործական, լուսանկարչական, երաժշտական կամ այլ ուղղվածություն ունեցող բլոգը ևս վատ տարբերակ չէ նոր բան սկսելու համար:

Եթե սիրում եք գրել, ի վերջո, կարող եք ձեր նյութերն ուղարկել նաև մեզ` «Արևածաղկի» խմբագրություն:

Եվ հիշե՛ք. որքան մարդը զբաղված է, հագեցած է նրա առօրյան, այդքան նա շատ բան է հասցնում անել: Դե՛, սկսեցի՛նք:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

One thought on “Դե՛, սկսեցի՛նք

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s