Միշտ ցանկացել եմ պարել Մադոննայի հետ

Իմ զրուցակիցն է «Շանթ» հեռուստաընկերության «Պարի’ր, թե կարող ես» նախագծի հաղթող Հայկ Հոբոսյանը: Հայկի հաղթանակին հավատում էին շատերը, միայն ոչ նա: Այս նախագիծը տվել է նրան հենց այդ հավատը, որը պակասում էր այդ ժամանակ:

— Հա՞յկ, մի փոքր խոսենք դպրոցից: Որո՞նք են ամենատպավորիչ հուշերդ:

— Դպրոցում ամենամոտ ընկերներս էին Դավիթն ու Մուշեղը: Հիշում եմ, որ սիրածս առարկաներն էին աշխարհագրությունն ու պատմությունը:

Ես միշտ ցանկացել եմ դառնալ բժիշկ կամ իրավաբան: Բայց դպրոցից աղքատիկ գիտելիքներ ունեի: Չէի կարող բուհ ընդունվել: Հետագայում պետք է գնայի Սանկտ Պետերբուրգ ուսումս շարունակելու, բայց հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Բացի այդ, ես արդեն խորացել էի պարի ասպարեզում և  որոշեցի այդպես էլ շարունակել:

-Ինչպե՞ս սիրեցիր պարը:

— Փոքր ժամանակ, երբ հեռուստացույցով տեսա Մայքլ Ջեքսոնին, շատ մեծ տպավորություն ստացա նրա պարից: Եվ պարելու անզուսպ ցանկություն առաջացավ: 10 տարեկանից պարում եմ հիփ-հոփ ոճի մեջ: (Հայկի մայրիկը պատմում է, որ իրենք սկզբում զարմացան, երբ Հայկը ցանկություն հայտնեց պարի հաճախելու: Բայց, այնուամենայնիվ, տարան նրան պարապմունքների: Հիմա նրա հաջողություններով ուրախանում և ապրում են բոլորն ընտանիքում):

— Ի՞նչն է քեզ օգնում զգալու երաժշտությունը:

— Սկզբում ես պարը սովորում եմ հաշվարկով: Ինձ պետք է միայն սկիզբը ճիշտ ըմբռնեմ, իսկ ընթացքում արդեն հեշտությամբ եմ մտնում ռիթմի մեջ: Իսկ երբ զույգով ենք պարում, ինձ օգնում են պարընկերոջ ռեակցիաները:

-Հա՞յկ, իսկ հե՞շտ է աշխատել երեխաների հետ:

— Իմ աշակերտները հիմնականում 6-16 տարեկան երեխաներն ու պատանիներն են, սովորեցնում եմ բրեյք-դանս և հիփ-հոփ պարեր: Դժվար չէ: Մենք արդեն սովոր ենք միմյանց, կարողանում ենք առանց խնդիրների իրար հասկանալ: Սկզբում, իհարկե, մի փոքր բարդ էր, հիմնականում դժվարանում էին երեխաները: Բայց ամեն ինչն էլ ժամանակի խնդիր է:

— Նախագծի սկզբում, երբ ծանոթացար բոլոր մասնակիցների հետ, ո՞վ էր քեզ հաղթողի գլխավոր թեկնածուն թվում:

— Հենց սկզբից բոլորն էլ ուժեղ էին թվում, բայց կարծում էի, որ կհաղթի Հարությունը: Աղջիկներից ինձ համար ամենաուժեղը Դինան էր: Ընդհանրապես մինչև վերջին օրը չէի հավատում, որ հենց ես կհաղթեմ: Երբ վերջում մնացինք ես և Գարիկը, համոզված էի, որ երկրորդն եմ: Երբ հանդիսավարն իմ անունը տվեց, կարծեցի, թե ուղղակի ինչ-որ բան է ուզում ասել, շրջվեցի… Եվ նոր զգացի, որ իսկապես հաղթել եմ: Շատ զարմացա:

— Ի՞նչ նոր հեռանկարներ բացեց քո առջև այս նախագիծը:

-Առայժմ պայմանագիր ունեմ «Շանթ» հեռուստաընկերության հետ, մասնակցելու եմ տարբեր շոուների, առայժմ այդքանը: Բայց զգում եմ, որ նոր հրավերներ պետք է ստանամ: Իսկ ընդհանրապես միշտ ցանկացել եմ պարել Մադոննայի խմբում:

— Որո՞նք էին քեզ համար ամենակարևոր ծանոթություններն այս նախագծի շրջանակներում:

-Շատ նոր ընկերներ եմ ձեռք բերել իհարկե, դե իսկ Ռուդոլֆ Խառատյանի հետ ծանոթանալն ինձ համար շատ մեծ պատիվ էր: Անչափ ուրախ էի, երբ զինվորի պարի ժամանակ նա ինձ հոտնկայս ծափահարեց:

— Նախագծի ընթացքում, անշուշտ, ամենատպավորիչ ելույթներից էր քո և Դիանայի վալսը, որի ընթացքում դուք խոսում էիք ժեստերով: Ո՞ւմ գաղափարն էր դա:

— Գաղափարը բեմադրող Գևորգ Մարկոսյանինն էր: Վալսը շատ թեթև և հաճելի պար է: Իմ ոճը հիփ-հոփն է, բայց շատ այլ պարային ոճեր եմ ուսումնասիրել, սովորել: Կարծում էի` դժվար կլինի, բայց հեշտ ստացվեց:

— Իսկ ընդհանրապես ինչպե՞ս ես վերաբերվում պարի մեջ ոճերի միախառնմանը:

— Դեռևս չեմ փորձել, բայց անպայման անելու եմ նման մի բան: Հենց նախագծից հետո այդ միտքն առաջացավ: Կարծում եմ` հրաշալի կարող է ստացվել ջազի ու ժողովրդականի խառնուրդը:

— Ի՞նչ զգացիր այն ժամանակ, երբ տեսար, որ մարդիկ փողոցում քեզ ճանաչում են:

— Հենց առաջին անգամ հիշում եմ, որ երթուղայինում նստած էի, մի աղջիկ անընդհատ ժպտում էր ինձ: Ու հասկացա, որ նա ինձ ճանաչեց: Հաճելի է:

— Կցանկանա՞ս կարիերադ արտասահմանում շարունակել:

— Միշտ ցանկացել եմ աշխատել ԱՄՆ-ում, դա հիփ-հոփի երկիրն է, պարի երկիրն է: Կցանկանայի նաþ ինձ փորձել Եվրոպայում:

— Որո՞նք են հայաստանյան այն խնդիրները, որոնք քեզ այսօր հուզում են:

— Կարծում եմ` այստեղ երիտասարդները զարգանալու քիչ հնարավորություններ ունեն, չկան աշխատատեղեր: Նաև կցանկանայի, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդները բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունենան:

Սոֆյա Հակոբյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s