Մարտի 19-ին «Բյուրոկրատ» գրախանութում կայացավ արձակագիր Արամ Պաչյանի «Ռոբինզոն և 13 պատմվածք» գրքի շնորհանդեսը: Գրողի առաջին ժողովածուն ընդգրկում է պատմվածքներ, որոնք ստեղծվել են վերջին երեք տարիների ընթացքում:
«Գրելու համար պետք չէ շտապել, այն էլ 21 դարում, մասնավորապես արձակի դեպքում: Նախ պետք է կարդալ, ճանաչել ստեղծված գրականությունը, հասկանալ նրա մեջ քո տեղն ու ասելիքիդ ձևը», — կարծում է Արամը և համոզված է, որ գիրք կարդալը ավելի լուրջ մասնագիտություն է, քան գրելը: «Ես երբեք մենակ չեմ գգա ինձ, քանի դեռ տեսանելի են իմ գրադարակի բոլոր գրքերը»:
Իր առաջին գրքի տպագրությանը հեղինակը սպասում է 2010 թվականից, երբ արժանացավ ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակին` 2009-ին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար:
Գրքի հետ կապված իրականացել է Արամի մեկ այլ ցանկությունը: Ժողովածուի շապիկը զարդարել է ամերիկացի հայտնի նկարիչ, քանդակագործ, Նյու-Յորքի «Yale School of Art»-ի պրոֆեսոր` Սեմուել Մեսսերի ստեղծագործությունը, որը հենց հեղինակն է նվիրել Արամին: Մեսսերը համագործակցել է մի շարք հայտնի գրողների հետ, ինչպիսիք են` Պոլ Օսթերը, Ջոնաթան Սաֆրան Ֆոերը: Գրքի մեջ զետեղվել է նկարիչ, գրող` Տիգրան Կիրակոսյանի «Ռոբինզոն» մոնոտիպը:
«Անհնարին ոչինչ չկա, նույնիսկ Հայաստանում ապրող և ստեղծագործող մարդու համար շատ բան կարող է իրական դառնալ: Պարզապես պետք է հավատալ և աշխատել»,- վստահեցնում է գրողը:
Գրքի խմբագիր, արձակագիր` Հրաչ Սարիբեկյանը «Ռոբինզոն և 13 պատմվածք» ժողովածուն բնորոշում է այսպես` «Արամն անընդհատ մանկություն վերադարձի ուղին է փնտրում` իր պատմվածքներից մեկի հերոսի նման փոքրիկ ուսապարկի մեջ քնելու հնարավորությունը. գտնում է, բայց գրում է, որովհետև գտածը պատրանքն է…»
Այսուհետ «Ռոբինզոն և 13 պատմվածք» ժողովածուն կարելի է ձեռք բերել բացառապես «Բյուրոկրատ» գրախանութից (Երևան, Պուշկինի 51):