Ճանապարհ դեպի…

Ամռան 12-րդ օրն էր`արևային (օրվա առաջին կեսին միայն) ու խոստումնալից:  Քայլելով կիրակնօրյա Երևանով շուտով հասա հանդիպման վայրը, որտեղից պետք է ճանապարհ ընկնեինք: Երբ մոտեցա, տեսա մի երթուղային և կարծեցի, թե <<մերոնք են>>: — Ջերմուկ ենք գնում,- ասացին նրանք,ու ես հասկացա, որ ուր որ է գնալու էի միանգամայն ուրիշ ուղղությամբ և ուրիշ խմբի հետ:

Սակայն շատ շուտով  տեսա Լոռի գնացող իմ ապագա ընկերներին, և այսպես եղավ իմ առաջին հանդիպումը, առաջինը,բայց հուսով եմ` ոչ վերջինը: Մի քանի րոպեից եկան մեր ամերիկացի բարեկամները, որոնց հետ ճանապարհին շատ շուտ ընկերացա: Շառլոտն ու Բենը ԱՄՆ-ից են` Վաշինգթոնից: Շառլոտն աշխատում է  ԵՊՀ-ի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում`դասավանդում է, իսկ Բենը` Կովկասի տարածքային ուսումնասիրությունների կենտրոնում: Արդեն 6 ամիս է, ինչ Հայաստանում են:

Շառլոտն ու Բենը

-Գիտես,- ասաց Բենը,- ճիշտ ասած, երբ առաջին անգամ եկա Հայաստան, ձմեռ էր, դեկտեմբերն էր: Առաջին տպավորությունս, այնքան էլ լավը չէր. ամենուր ձյուն էր, մռայլ , և Երևանն այնպիսի տեսք չուներ, ինչպես հիմա`ամռանը: Ինձ թվում էր, թե մի մութ ու անշուք տեղ եմ եկել: Քանի որ միանգամից Երևան էի եկել , հետևաբար Հայաստան ասելով ու Հայաստանի մասին տպավորություններս միայն Երևանից էին:  Անցավ մի երկու ամիս,և  գարնանն արդեն Երևանը բոլորովին այլ էր: Դժվար էր ձմռանը պատկերացնել քաղաքի այս աստիճան հսկայական փոփոխությունը.ամենուր սկսեցին հայտնվել սրճարանները` իրենց հիանալի երաժշտությամբ, Երևանը դարձավ ավելի մարդաշատ, գեղեցիկ ու ջերմ:

-Իսկ ես,- շարունակեց Շառլոտը,- երբ առաջին անգամ եկա Հայաստան, աշնանն էր: Շատ գեղեցիկ էր Երևանը` բնությունը, մարդիկ ու ամեն ինչ: Սկսեցի աշխատել այստեղ` Պետական Համալսարանում: Սա ինձ համար մեծ հնարավորություն էր, քանի որ Միացյալ Նահանգներում առանց համապատասխան գիտական կոչում ունենալու չէի կարող դասավանդել համալսարանում: Իսկապես հիանալի փորձ ձեռք բերեցի այստեղ:

Իսկ բնությամբ նրանք պարզապես հիացած էին: Ասացին, որ իրենց մոտ` ԱՄՆ-ում,լեռնոտ վայրերը շատ քիչ են , իրենց համար Հայաստանը մի այնպիսի վայր է, որտեղ կարող ես անվերջ հիանալ սարերով, ձորերով, նրանց ձևով ու կառուցվածքով ու անվերջ զարմանալ…

Երբ հասանք Դենդրոպարկ, երկինքն ամպեց, սակայն սա մեզ չխանգարեց վայելել մեր հայրենիքի յուրահատուկ բնությունը: Զբոսնեցինք պուրակում, մեր նկաչուհիները պահը բաց չթողնելով`անմահացրին բնությունն իրենց կտավների վրա, իսկ մյուսներն էլ ուսումնասիրում էին բնությունը, ծառատեսակները կամ պարզապես հիանում:

Այսպես մեր ճանապարհը շարունակվեց դեպի Լոռի –բերդ` հորդ անձրևի, երաժշտության, ուրախ տրամադրության, ինչպես նաև զվարճալի դեպքերի `«անմիջական մասնակցությամբ»: Անձրևը չկարողացավ շատ ազդել մեր տրամադրության վրա, ավելին` Բենի տրամադրությունը բարձրացավ,քանի որ այն իր ալերգիայի այդ պահին միակ «բժիշկն էր» :

Բնությունն այնպիսի ձգող ուժ ուներ, որ ցանկություն անգամ չկար տուն գնալու: Սուրբ Նշան մատուռն այցելելուց հետո,սակայն,արդեն ժամանակն էր տուն դառնալու:

Շառլոտը, մեր լրագրողը՝ Լիան և Բենը

-Շատ ենք լսել Տաթևի մասին,- ասացին Շառլոտն ու Բենը,-  մեր ընկերներն ասել են այնտեղի ճոպանուղու, Տաթևի վանքի ու տեսարժան վայրերի մասին: Շուտով վերադառնում ենք Միացյալ Նահանգներ: Շատ ցավալի կլինի , եթե չայցելենք նաև Տաթև:

Իսկ իմ հարցին, թե նրանք ինչ կտանեն իրենց հետ Հայաստանից, պատասխանեցին.

— Այստեղից կտանենք հայերի ջերմությունը ու Հայաստանի տաք արևը:  Այստեղ մենք շատ մեծ փորձ ու գիտելիքներ ձեռք բերեցինք, որ վստահ ենք`մեզ ամբողջ կյանքում պետք կգան:

Երբ մտանք քաղաք, մեր երթուղայինը նմանվեց երևանյան սովորական երթուղայիններին

-Կանգառում կանգնեք,- հանկարծ լսվում էր մասնակիցներից մեկի ձայնը:

— Խաչմերուկում կանգնեք:

Եվ այսպես մի քանի րոպեից ամբողջ երթուղայինը դատարկվեց, իսկ բաժանման վայր հասնաք մի քանիսս միայն: Օրն ավարտվեց, սակայն տպավորությունները` ոչ: Ճամփորդության թեժ քննարկումները  շարունակվեցին FACEBOOK-ում:

Լիա Սայադյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s