ԾԱՂԿԱԾ ԴԵՂՁԵՆԻՆ

Ճամփեզրին միայնակ կանգնած դեղձենին այդ տարի ծաղկել էր շատ ավելի գեղեցիկ, քան նախորդ տարիներին:
Անցորդներից ոչ ոք չէր կարողանում անտարբեր անցնել վարդագույն զգեստով այդ գեղեցկուհու կողքով: Գալիս էին, հասնում ծաղկած դեղձենուն և զարմանքից ու հիացմունքից բացականչում, թե ոնց է պատահել, որ մարդկային հոգածու ձեռքից հեռու աճել է այս գեղեցկուհին:

Իսկ ծաղկած դեղձենու վարդագույն զգեստին կնախանձեին ոչ միայն նրա քույր դեղձենիները, այլև շատ նրբաճաշակ տիկնայք և օրիորդներ:

Հմայում էր դեղձենին բոլորին, մեղմ օրորվում քամուց, մարդիկ էլ ասում էին, որ նա հեզիկ-նազիկ հարսի պարն է պարում` վարդագույն քողը գլխին, բայց երբ հեռանում էին հետաքրքրասեր աչքերը ու դեղձենին ճանապարհի միայնության և լքվածության մեջ մնում էր միայնակ, գալիս էր նա, դողդոջուն ձեռքերով ջուր էր տալիս ծառին
, հենվելով անթացուպին մեղմիկ շոյում էր դեղձենու նուրբ ծաղիկները և արցունքներով սրբում օրվա ընթացքում ծաղիկների վրա հավաքված փոշին:

Այսպես խնամում էր իր գեղեցկուհուն և տարածելով ձեռքերը գրկում տարիների պատմություն ունեցող դեղձենու արդեն ոչ բարակ մեջքը, և այսպես ողջ գիշեր մնում էր անծանոթը…

Ու անցած օրերի պատկերները մեկը մյուսի ետևից իրար ձեռքից բռնած անցնում էին նրա առջևով, և այդ պատկերների մեջ նա տեսնում էր նրան` զվարթ, գեղեցիկ և առվակի պես կարկաչուն, իր երազանքների, իր կյանքի միակ հերոսուհուն` իր Շողերին` ձյունի պես ճերմակ զգեստով,արևի շողերի պես աչք կուրացնող վարսերով և հանդարտ ծով հիշեցնող աչքերով: Ահա նա գալիս է,չի գալիս,այլ վազում է, Աստված ի’մ, դարձյալ ոտաբոբիկ, գալիս է և փարվում իրեն,ինքն էլ այժմյան ծերունին չէ. երիտասարդ է,գեղեցիկ և ուժեղ, լի կյանքով և եռանդով: Շողերը ջինջ առվակի պես կարկաչուն ծիծաղ ունի, Շողերը, Շողերը, Շողերը, միակն էր իր համար ու միակն էլ մնաց:

Ծերունին տխուր նայում էր ու փորձում հասկանալ` արդյոք չի մոռացել Շողերին, արդյոք չի մոռացել նրա շող վարսերը: Այն տարի էլ էր դեղձենին այդքան գեղեցիկ ծաղկել:

Շողերն էլ փոքրիկ աղջնակի նման ուրախ ծափ էր տալիս և երգելով պտտվում դեղձենու շուրջը,համբուրում նրա ծաղիկները, իսկ ինքն էլ դեղձենու վարդագույն ծաղիկներից ծաղկեպսակ էր հյուսում և դնում նրա գլխին, Շողերն էլ ասում էր, որ ինքն է հենց դեղձենին,որ ուզում էձուլվել նրա հետ և դառնալ <<դեղձենի աղջիկ>>,անգամ ասում էր, որ իրեն <<Դեղձիկ>> անվանի, երբ էլ, որ հոգնում էր իր խաղերից, գլուխը դնում էր իր սիրելիի ծնկներին և պատկերացնում, թե ինչպիսի թավշյա դեղձեր պիտի ունենա այս գեղեցկուհին, մեկ-մեկ էլ կատակում էր, որ իր բալիկներն էլ են նման լինելու դեղձենու բալիկներին, նրանք էլ այդքան գեղեցիկ ու կարմրաթուշ պիտի լինեն, իսկ ինքը երանությամբ նայում էր Շողերին և երազում ապագա երջանիկ կյանքի մասին:

Դեղձենին, իրոք որ, շատ առողջ և գեղեցիկ բալիկներ ունեցավ, բայց ափսոս, որ Շողերը դրանք չտեսավ. մահվան սարսուռը անակնկալ և ոչ ժամանակին այցելեց երիտասարդ գեղեցկուհուն և նրան զրկեց կյանքից,իսկ կյանքին իրենից: Իսկ ինքն էլ խելագարի պես վազում էր դեպի ճամփեզրը, որ գոնե հասցներ տանել իր Շողերի այնքան երազած դեղձերը, բայց, ավա~ղ, Շողերը այդպես էլ…

Անցան տարիներ. ամեն տարի ծաղկում էր դեղձենին և ամեն տարի նոր բալիկներ էր ունենում,իսկ նրա ճյուղերի ներքո նա, ով այնքան երազանքներ էր հյուսել, թաղեց այդ երազանքները հենց այդ ճյուղերի տակ: Սակայն չդադարեց ամեն երեկո այցելել դեղձենուն, անգամ, երբ ալեհեր ծերունի էր և դեղձենուն հասնելու համար մի քանի ժամ շուտ էր ճանապարհ ընկնում` անթացուպով դժվարությամբ տեղափոխվելու համար:

Այդ օրն էլ էր եկել և դարձյալ նայում էր դեղձենուն ու հիշում իր Շողերին, երբ դեղձենու ծաղիկներից զգաց այն բույրը, որը տարիներ առաջ էր զգացել, երբ կենդանի էր Շողերը, իսկ նրա մահից հետո, ճիշտ է, դեղձենին շատ էր ծաղկել, բայց ոչ մի անգամ նման բույր չէր զգացել:

«Իմ Շողերի բույրն է»,- մտածեց ծերունին, մեղմիկ ժպտաց,շոյեց իր հոգեկից գեղեցկուհուն և կամաց նստեց նրա ստվերում` քթի տակ մրմնջալով Շողերի սիրած երգը. «Ծառերը ծաղկում են տարին մեկ անգամ…»:

Առավոտյան ճամփեզրին կանգնած դեղձենու տակ մարդիկ գտան ծառին փարված մի ալեհեր ծերունու մարմին` սառած ժպիտը դեմքին. երջանիկ էր եղել կյանքի վերջին րոպեներին. պիտի տեսներ իր Շողերին…

Մարդիկ այդպես էլ չիմացան, թե ինչու էր դեղձենին այդքան գեղեցիկ ծաղկել այդ տարի,մարդիկ այդպես էլ չտեսան դեղձենու տխրությունը, մարդիկ այդպես էլ չիմացան, թե դեղձենու ծաղիկների և ճյուղերի խորքում ինչպիսի տխուր պատմություն է թաղված, մարդիկ այդպես էլ չիմացան, թե ինչու այդ օրվանից դեղձենու ծաղիկները ցողով պատվեցին, մարդիկ այդպես էլ չհասկացան, որ 2 ճակատագրերի տխուր վկան` ծաղկած դեղձենին, արտասվում էր…

Անուշ Ստեփանյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s