Չես կարող լավագույնը լինել, եթե քո թիմը լավագույնը չէ

Վերջերս կայացավ «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշար, որը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Նախաձեռնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը նվաճեց «Epress.am» թիմը, իսկ լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ թիմի ավագ Դավիթ Արյանը, ում հետ էլ մենք զրուցում ենք:

— Ձեր թիմն արդեն 3-րդ անգամ է մրցաշարի չեմպիոն դառնում: Գերազանց արդյունքների հասնելուց բացի, դուք նաև գեղեցիկ խաղ եք ցուցադրում: Ո՞րն է գրավականը:

— Մեր թիմի կորիզը` ես, Արամ Արոյանը և Յուրա Մանվելյանը ավարտել ենք Սլավոնական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը և 2003 թվականից իրար հետ ֆուտբոլ ենք խաղում: Միասին նաև մի քանի մրցաշարի ենք մասնակցել: Երևի լավ խաղը նաև արդյունքն է այն բանի, որ պատահական մարդ չկա մեր մեջ, բոլորս ընկերներ, գործընկերներ և թիմակիցներ ենք: Իրար լավ ենք հասկանում: Անկախ ամեն ինչից, ամեն շաբաթ ֆուտբոլ ենք խաղում միասին, որովհետև սիրում ենք ֆուտբոլը:

— Լրագրողներն ամենազբաղվածն են:

— Որքան էլ զբաղված լինես, երբ մի բան ուզում ես, նույնիսկ աշխատանքը չի խանգարի: Մենք նաև երկրից դուրս ենք գնում մրցումների. ԱՊՀ և Բալթյան երկների լրագրողների մրցաշարին ենք մասնակցել Օդեսայում, Մոսկվայում, Բրյանսկում, Արցախում:

— Ինչպե՞ս սկսեցիք:

— Համալսարան ընդունվելուց հետո իսկական ֆուտբոլասերների նման միանգամից հետաքրքրվեցինք` համալսարանում թիմ կա, թե ոչ: Մենք առաջին թիմը կազմավորեցինք: Դե սովորաբար լրագրության ֆակուլտետում սովորողների հիմնական մասն աղջիկներ են, երբ մենք ընդունվեցինք ընդամենը երեք կուրս կար և այդ երեք կուրսում 10 տղա էինք: Հետաքրքիրն այն էր, որ համալսարանի միջֆակուլտետային մրցաշարերում միշտ հաղթում էինք ու բոլորը զարմանում էին, որ «աղջիկների» ֆակուլտետը ֆուտբոլում չեմպիոն է դառնում:

Սպորտի ամբիոնում սկսեցինք համոզել դեկանին, որ մարզիչ բերի, հետո ֆիզկուլտ ինստիտուտից հրավիրեց Սամսոն Հակոբյանին և սկսեցինք մարզվել: Այնուհետև նաև միջբուհական չեմպիոն դարձանք:

Երբ ավարտեցինք և սկսեցինք աշխատել, առաջին անգամ «Հույսի կամուրջի» կազմակերպած «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարին մասնակցեցինք: 2008թ.-ին չեմպիոն դարձանք և այդպես մինչ օրս խաղում ենք: Ասեմ, որ հենց ավարտվում է ձեր մրցաշարը, մենք արդեն մտովի սկսում ենք պատրաստվել հաջորդին., դա մեզ համար դարձել է ֆուտբոլային առաջնության նման մի բան:

— Այս տարի ճանաչվեցիր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

— Կարծում եմ, որ կոչումը շատ սիմվոլիկ է, որովհետև չես կարող լավագույնը լինել, եթե քո թիմը լավագույնը չէ:

— Ձեր թիմի երկպագուներն ամենաակտիվն են:

— Այո, մեր երկրպագուները մեր թիմի կեսն են: Նրանք մեզ շատ են ոգևորում: Ամեն անգամ նոր բաներ են մտածում դա անելու համար: Մեր հաղթանակի մեջ իրենց դերը շատ մեծ է:

— Մոտ երկու տարի որպես սպորտային լրագրող ես աշխատել: Պրոֆեսիոնալ ֆուտբոլից խոսենք. ինչպե՞ս ես գնահատում մեր հավաքականի հաջողությունները, ինչո՞վ ես դրանք պայմանավորում:

— Ինձ համար առաջին հերթին զարմանալի է նման հաջողությունը, որովհետև Հայաստանում ֆուտբոլ չկա: Հաջողության պատճառներից մի քանիսը կարող եմ նշել. մեկը, որ իսկապես ֆուտբոլ սիրող սերունդ է, երկրորդը, որ մեր տղաներից մի քանիսը դուրս գնացին խաղալու և էնտեղ շատ լավ փորձ ձեռք բերեցին, ինչպես օրինակ`Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին ու Կառլեն Մկրտչյանը: Քանի որ ներսում չկա մրցակցություն, էստեղ ֆուտբոլիստ աճեցնելը մի քիչ բարդ է: Ես կարծում եմ, որ Հայաստանում հավաքականի ֆուտբոլը զարգացնելու միակ ճանապարհը լեգիոներներ ունենալն է: Ներսում եզակի դեպքեր կարող են լինել, որ մեկը որպես բարձրակարգ ֆուտբոլիստ կայանա և լավ հանդես գա առաջնություններում: Ես հույսեր ունեմ, որ այս հավաքականը կզարգացնի իր հաջողությունները և ավելի լավ կխաղա: Շատ ուրախ եմ, որ վերջերս նաև Արազ Օզբիլիսը եկավ. դա էլ կուժեղացնի մեր թիմը:

Հիշում եմ, թե ինչպես էինք փոքր ժամանակ բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով ֆուտբոլի գնում: Հիշում եմ նաև մեր ֆուտբոլի դպրոցի անմխիթար վիճակը: Մենք այն ժամանակ մեծ գումարներ էինք վճարում ամեն ինչի համար` գնդակի,  պարապելու (թեև դպրոցն անվճար էր),  դաշտերը շատ վատն էին և պայմաններ ընդհանրապես չկային: Բայց մենք էլի գնում էինք ֆուտբոլի: Մենք չունեինք օրինակ, որին կարող էինք ձգտել: Ոչ մեկ չկար մեր հավաքականում, որ հավատայինք` Հայաստանում կարող է լավ ֆուտբոլիստ ձևավորվել: Իսկ այսօր կան նման ֆուտբոլիստներ, երեխաներն արդեն հավատում են, դաշտերը լավ վիճակում են: Կարծում եմ, որ մանկապատանեկան դպրոցը մեր օրերում ավելի լավ արդյունքներ կտա:

— Վերադառնանք մեր մրցաշարին. ինչո՞վ  այն կառանձնացնեք:

— Մեր մասնակցության հենց առաջին տարին միանգամից մի առավելություն նկատեցինք. այս մրցաշարն ամենաարդարն է սիրողական մրցաշարերի մեջ: Ոչ թե այն պատճառով, որ բոլորը լրագրող են, այլ այն, որ պրոֆեսիոնալները բացակայում են: Հայաստանում տենդենց կա, որ սիրողական մրցաշարերում նախկին պրոֆեսիոնալները թողնում են ֆուտբոլը և սկսում են սիրողական մրցաշարերի մասնակցել: Դա մրցակցությունը կոտրում է: Այս մրցաշարում դա չկա, և ֆուտբոլից հաճույք ենք ստանում:

Քանի որ լրագրողներ ենք և մենք էլ, այսպես ասած, պայքարողներ ենք, մեզ համար կարևոր է, որ մասնակցում ենք հավասար հնարավորությունների գաղափարը տարածելուն: Շատ հարցազրույցներ եմ արել և հաշմանդամություն ունեցող մարդիկ միշտ նշում են հենց հավասար հնարավորությունների և պայմանների բացակայությունը, որը մեծ խնդիր է այս երկրի համար: Ինձ համար մարդու իրավունքների պաշտպանությունը ամեն ինչից կարևոր է և դա կարևորում է նաև մեր լրատվամիջոցը:

Ես մեր թիմի անունից ուզում եմ նշել, որ շատ ուրախ ենք, որ կարողանում ենք ևս մի կարևոր գաղափար հասցնել հանրությանը:

Մենք մասնակցել ենք նաև ձեր կազմակերպած Դարցի և Բոուլինգի մրցաշարերին: Հաջողության չենք հասել, բայց  ամենակարևորն այն է, որ այս ամենի շնորհիվ մենք ընկերացել ենք ձեզ հետ:

Զարուհի Բաթոյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s