Կամենալը կարենալ է

Ջորջ Արաբաթլյանը 2010-ին ավարտեց Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը և մեկնեց Քուվեյթ: Այժմ նա աշխատում է հայկական Ազգային վարժարանում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, նաև դպրոցի գրադարանավարն է:  Ջորջը ծնվել և մեծացել է Սիրիայի Հալեպ քաղաքում, քահանայի ընտանիքում:  Փոքր տարիքից մեծ սեր էր տածում, թե երաժշտության, թե հայ գրքի ու գրականության նկատմամբ: Դա ուներ իր պատճառները. պապը, ում անունն-ազգանունն է կրում ինքը, կես դարից ավելի աշխատել է Հալեպի ազգային տպարանում, շատ էր այցելում Հայրենիք և բազմաթիվ գրքեր էր ձեռք բերել: Գրքի հանդեպ սերը կրկնապատիկ ուժով փոխանցվել էր հորը, ապա նաև իրեն` Ջորջին:

2005թ. մասնակցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնած «Հայոց լեզվի եւ գրականության եւ հայագիտական գիտելիքներ» մրցույթին և դարձավ հաղթող: Դա եղավ հիմնական դրդապատճառը, որ նա որոշեց իր մասնագիտական ընթացքը դնել այս ուղու վրա:

2010-ի դեկտեմբերին Քուվեյթում Ջորջը ձեռնադրվեց սարկավագ:

Առաջին դժվարությունները, որ հանդիպեցիր Հայաստանում:

— Նախ առաջին անգամ պիտի ապրեի ծնողներից և հարազատներից հեռու, մի քաղաքում, որն ինձ համար շատ անծանոթ էր իր բարքերով ու օրենքներով: Շատ երկար ժամանակ պահանջվեց ինձնից օբիեկտիվորեն գնահատելու այն ամենն, ինչ ինձ տրվել է այստեղ:
Ինձ շատ օգնեցին իմ ընկերները, ովքեր նպաստեցին նաև իմ ինքնաճանաչմանը: Սկսեցի ինքս ինձ ավելի լավ ճանաչել ու ավելի ճիշտ գնահատել: Նրանք ինձ սովորեցրին լինել ազատ ու անկաշկանդ: Մի խոսքով, ես իմ շուրջն ունեցա այն մարդկանց, ում մասին անդադար երազել էի, ովքեր ինձ հասկանում էին, նույնիսկ առանց խոսքերի:

Երկար տարիներ ծառայել ես հայ առաքելական եկեղեցուն: Կարծիք կա, որ սփյուռքահայերի համար դա ավելի հեշտ է, քանի որ համախմբված են եկեղեցու շուրջ: Հայաստանում որքանո՞վ էր քեզ դա հաջողվում:

— Այո, փոքր տարիքից եկեեցում եմ եղել: Կարելի է ասել, որ եկեղեցում եմ մեծացել: Այնտեղ եմ առաջին անգամ երգել, հայերեն կարդացել: Հայաստան գալուց հետո այդ կապը մի քիչ ընդհատվեց. եկեղեցի գնում էի, բայց ոչ որպես ծառայող, այլ՝ որպես հավատացյալ:  Իհարկե ինձ համար դա շատ խորթ էր, բայց ինչ որ չափով կարողանում էի բավարարել հոգուս պահանջները: Ուրախալի էր այն փաստը, որ ընկերներիս էլ կարողացա ավելի մոտեցնել եկեղեցուն. միասին հաճախ էինք Աստվածաշնչյան ընթերցանություններ անում ու մասնակցում կիրակնօրյա պատարագներին:

Իսկ Քուվեյթ գալուց հետո ես կարողացա վերադառնալ իմ նախկին օրերին: Անշուշտ, հիմա ավելի հանգիստ եմ, որովհետեւ անկախ ամեն ինչից, ես գտնվում եմ ուղիղ խորանի վրա ու առաջ եւ ոչինչ չկա ինձ ու խորանը բաժանող. հիմա չկան պարսիկներ կամ օտարերկրացիներ, ում կարելի էր հանիպել Էջմիածնում, ովքեր ամեն գնով խանգարում էին պատարագի արարողությունն իրենց անվերջ զրույցներով ու լուսանկարչական սարքերի ձայներով:

Ինչպե՞ս ես հիմա ապրում, ինչով ես զբաղվում:

Կյանքն այստեղ շատ հետաքրքիր է, որովհետև առավոտյան վաղ է սկսվում ամեն բան ու վաղ էլ ավարտվում: Արդեն ներառվել եմ համայնքի ներքին կյանքին: Աշխատում եմ նաև համայնքի տարբեր կազմակերպություններում: Այս ամենը խլում է իմ օրվա մեծ մասը: Սակայն ամեն օր անպայման ժամանակ եմ ստեղծում գոնե մի քիչ կիթառ նվագելու և հանգստանալու համար: Անպայման նաև գիրք եմ կարդում:

Մի փոքր քո ու աշակերտներիդ հարաբերությունների մասին կպատմե՞ս:

— Ես նաև 6-րդ դասարանի դասղեկն եմ: Իմ աշակերտների հետ ամենասկզբից էլ ընկերական հարաբերություններ եմ ունեցոլ, մանավանդ կարևորել եմ անհատական մոտեցումը: Ի դեպ նշեմ, որ նրանք դպրոցի ամենաչարաճճի ու անկարգ աշակերտներից են: Շատ շուտով մտերմացանք: Հիմա ազատ ժամերին նրանք միշտ ինձ մոտ են, զրուցում ենք տարբեր թեմաներով ու փորձում եմ որպես ավագ եղբայր նրանց խորհուրդներ տալ:

Կարևո՞ր է արդյոք, թե որտեղ է ապրում հայ երիտասարդը: Ինչո՞ւ:

— Իհարկե: Հայ երիտասարդը պիտի ապրի այնտեղ, որտեղ հայ կա: Հայ երիտասարդը պիտի ունենայ առավելաբար հայ ընկերներ ու ավելի շատ շփվի հայերի հետ, որովհետև այլ դեպքում այնքան շատ են նյութական աշխարհի գայթակղությունները, որ կարելի շատ շուտ ուրանալ ամեն ինչ՝ և’ հավատ և’ ազգային պատկանելություն:

Ի՞նչ է պետք հայ երիտասրդին այսօր:

— Հայ երիտասարդին այսօր պետք է հավատ՝ իր ուժերի նկատմամբ և մեծ նպատակներ, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու մեծ աշխատասիրություն, որովհետև կամենալը կարենալ է:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s