Ի՞նչ նվիրել սիրելիներին

Բոլոր տոներից կամ կարևոր իրադարձություններից առաջ կանգնում ենք նվեր ընտրելու հաճելի, մի քիչ էլ դժվար խնդրի առաջ: Նվեր ընտրելը պատասխանատվություն է, քանի որ իր մեջ ներառում է նաև քո վերաբերմունքը հասցեատիրոջ նկատմամբ: Կարևոր է, որ այն պարզապես նվեր չլինի հենց այնպես տալու համար, այլ հատուկ ընտրված լինի տվյալ մարդու համար:

Օրինակ` նյութապաշտ մարդկանց չպետք է ռոմանտիկ նվերներ անել: Նրանց կարելի է ուղիղ հարցնել, թե ի՞նչ է իրենց պետք, ու նվիրել այն, ինչն անհրաժեշտ է: Բնականաբար, նվերը կարող է լինել ոչ նյութական:

Ուրախ, հաճելի ու անմոռաց պահեր ստեղծելը նույնպես գնահատելի է: Կարելի է հետաքրքիր ժամանց կազմակերպել հոբելյանի կամ գլխավոր հերոսի համար, համերգ կամ հետաքրքիր վայր հրավիրել, ուր նա դեռևս չի եղել: Դրա համար կարելի է դիմել նրա մտերիմներին կամ հարազատներին, ովքեր ևս մեծ ուրախություն կապրեն` մասնակցելով ձեր անակնկալին կամ կազմակերպած այլ միջոցառումներին:

Նվերի հետ ցանկալի է նաև փոքրիկ նամակ կամ բացիկ դնել, այն ևս մեծ ուրախություն կպարգևի ստացողին: Կարևորեք նաև գեղեցիկ փաթեթավորումը, Էական չէ, որ այն երկար չի պահպանվելու, համոզված եղեք, որ ստանալիս առաջին տպավորությունը շատ կարևոր է ու անկասկած կգնահատվի:

Շատ լավ նվեր կարող են լինել ձեռքի աշխատանքներից պատրաստված (HAND MADE) իրերը: Դա կարող է շատ փոքր բան լինել, բայց քանի որ ինքդ ես պատրաստել, այն շատ ավելի արժեքավոր է, քան թանկ խանութից ձեռք բերած ցանկացած իր: Բացի այն, նման նվերներ պատրաստելիս քիչ է հավանականությունը, որ էլի ինչ-որ մեկը կարող է նույնից նվիրել կամ ունենալ: Իսկ եթե ինքներդ չեք կարողանում պատրաստել, հնարավորություն ունեք պատվիրելու, այդ հարցում ձեզ կօգնի հատկապես համացանցը, որտեղ տարածված են նման ծառայությունների մասին տեղեկությունները:

Սակայն այդ դեպքում ևս հաշվի առեք մարդու նախասիրությունները, ոչ բոլորը կարող են դրանց իրական արժեքը գնահատել:

Կանանց և երեխաների համար թերևս նվեր ընտրելն ավելի հեշտ է: Քանի որ տղամարդկանց դեպքում միշտ ընտրությունն ավելի սահմանափակ է թվում, առաջարկում եմ մի քանի տարբերակ` վերնաշապիկ, ձեռքի ժամացույց, փողկապ, գոտի, ձեռնոց, ակնոց, շարֆ, դրամապանակ, օծանելիք և այլն: Արական սեռի համար այնքան էլ կարևոր չէ փաթեթավորումը, բայց կարելի է որևէ հետաքրքիր տուփ կամ տոպրակ օգտագործել:

Եթե վարպետ չեք նվեր ընտրելու հարցում, կարող եք հետևել մյուսների օրինակին.

Տաթև Մելիքսեթյան.

— Նվերի ընտրությունը կախված է նրանից, թե ո՞ւմ եմ նվիրելու: Առաջին հերթին իր ճաշակով լինի, նաև ինձ դուր գա: Պետք է յուրօրինակ լինի ու գեղեցիկ փաթեթավորված: Երբեմն հարցնում եմ, թե ինչ է անհրաժեշտ, երբեմն էլ ուշադրություն եմ դարձնում, թե խոսակցությունների ընթացքում ինչի՞ մասին է շատ խոսել, ի՞նչ է ցանկացել ունենալ: Բայց միշտ չէ, որ կարողանում եմ անակնկալ անել, լինում են դեպքեր, որ նախապես եմ նվիրում:

Մուշեղ Հովսեփյան.

— Նվեր ընտրելիս առաջնորդվում եմ մի սկզբունքով. ընտրել այն, ինչ հետաքրքիր կլինի, յուրօրինակ ու անհրաժեշտ: Իսկ եթե չի ստացվում` օծանելիքն ու ծաղկեփունջը միշտ ցանկալի են:

Զարուհի Բաթոյան.

— Սիրում եմ նվիրել այն, ինչ ինձ դուր կգար: Նվեր ընտրելիս հաճույք եմ ստանում: Երբեմն նվերներն իրենք են ընտրում իրենց տերերին: Շատ կարևոր է, որ ճանաչեմ մարդուն, իմանամ` ինչի՞ց կարող է ուրախանալ, ինչի՞ կարիք ունի, ի՞նչն է ավելի շատ գնահատում: Օրինակ` Քուվեյթում ապրող ընկերս իմ սիրած ամանորյա երգերից մեկը սովորել էր կիթառով նվագել և Ամանորին այդ երգն ինձ համար կատարեց սքայպով: Շատ էի ուրախացել:

Արփինե Զարգարյան.

— Նվիրում եմ այն, ինչ ստացողը ձեռք բերել չի կարող, բայց շատ կցանկանար ունենալ: Նվեր ընտրելիս ստացողին մի պահ պատկերացնում եմ նվերի հետ: Չեմ նվիրի մի բան, որն ինձ դուր չի գա, եթե նվիրեն: «Թանկից էժանը չկա» սկզբունքն ինձ համար էլ է կարևոր, բայց միևնույն ժամանակ նվերի թանկարժեք չլինելը դեռ չի նշանակում, որ վատ նվեր է: Շատ եմ կարևորում նաև HAND MADE նվերները, երբ ինքդ ես պատրաստում` դա այլ արժեք ունի: Կարևորում եմ նաև մաղթանքները. նվերի հետ միշտ բացիկ կամ երկտող եմ ավելացնում:

Գևորգ Ղազարյան.

— Նվեր ընտրել եմ երկու հոգու համար և միայն քրոջս նվերի հարցում դժվարացա: Արդյունքում` ոչինչ չկարողացա ընտրել ու նախատեսված գումարը դրեցի նրա դրամապանակում: Ընկերուհուս նվերն ընտրելիս գնացել եմ գրախանութ: Շատ երկար փնտրում էի Պաուլո Կոելիոյի ՙԱլքիմիկոսը՚ և դժվարությամբ, բայց կարողացա գտնել: Ինձ համար կարևոր է, որ նվերս դուր գա ու անակնկալ լինի, արժեքը խնդիր չի ներկայացնում, որովհետև միշտ գիտեմ հնարավորություններիս սահմանը:

Բիայնա Մահարի.

—  Ինձ համար մեծ նշանակություն ունի փաթեթավորումն ու այն, որ սիրով նվիրեմ, քանի որ շատ կարևոր է, թե ինչ տրամադրությամբ ես նվիրում: Սիրում եմ յուրօրինակ ու անսովոր նվերներ անել: Կարող եմ երկար ընտրել, միայն թե դուր գա ու հաճելի լինի:

Ցանկացած դեպքում հիշեք, որ ոչ ոք չի ցանկանում այնպիսի նվեր ստանալ, որը չի օգտագործի: Ավանդական դարձած նվերների դեպքում ևս հաշվի առեք ստացողի ճաշակը: Եվ ամենակարևորը` ցանկացած նվերի հետ` լինի փոքր թե մեծ, թանկարժեք թե շատ հասարակ, չմոռանաք սեր ու ժպիտ նվիրել:

Անի Պետրոսյան

Advertisements

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s