Տոնական միջոցառումներ կենդանաբանական այգում

Տոնական միջոցառումներով եւ ուրախ տրամադրությամբ մայիսի 1-ին տեղի կունենա Երեւանի  կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը:

Այգին դռներն այցելուների համար կբացի առավոտյան ժամը 9:00-19:00-ը: Երևանի  քաղաքապետարանի աջակցությամբ, տարեշրջանի բացման օրը մինչև 16 տարեկան այցելուների  մուտքն ազատ կլինի:

Այս տարի ևս կենդանաբանական այգու այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով, հետաքրքիր խաղերով:

Ժամը 11:30-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կազդարարի տոնական  միջոցառումների մեկնարկը:
Այգում փոքրիկներին կդիմավորեն հեքիաթների հայտնի հերոսները`Միկի Մաուսը, Սպունգ  Բոբը եւ այլ սիրելի կերպարներ: Թատերական ու երաժշտական միջոցառումները  կշարունակվեն մինչ ժամը 16:00-ը:

Բազմաթիվ միջոցառումների կողքին, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն  Խաչատրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցության վկայականներ  կհանձնեն «Երկրի օրվա» շրջանակներում հայտարարված «Դիմավորենք թռչուններին» առաջին՝  այգում բնադրող թռչունների բների պատրաստման մրցույթի մասնակիցներին:

Թողնել մեկնաբանություն