Երբ գալիս է Նոր տարին…

IMG_3266Մի քանի օր հետո էլի Ամանոր ու էլի երազանքներ… Սիրում եմ Ամանորը, թերևս ամենաշատը նրա համար, որ բոլորը հավատով են դիմավորում նոր տարին, բոլորը հոգու խորքում հավատում են իրենց երազանքների իրականացմանը…

Ուզում եմ, որ 2013-ին ոչ ոք չզգա տխրություն ու միայնություն…

Ուզում եմ, որ 2013-ին ոչ մի երազանք անկատար չմնա…

Ուզում եմ, որ 2013-ն իր հետ երջանկություն, խաղաղություն ու հաջողություն բերի…

Ուզում եմ, որ 2013-ն իր հետ լույս բերի և վերացնի խավարը…

Ուզում եմ, որ 2013-ն իր հետ շատ ժպիտներ բերի…

Ուզում եմ, որ 2013-ն իր հետ անկեղծություն ու մաքրություն բերի…

Հավատում եմ հրաշքներին, երբ գալիս է Ամանորը…

Էլլադա Գասպարյան

Կարծում եմ` շատերն են անհամբերությամբ սպասում այդ տոնին, ես նույնպես սպասում եմ գալիք Նոր տարուն: Այս տոնն ինձ համար յուրահատուկ է, քանի որ նշում եմ ոչ միայն Նոր տարին, այլ նաև ծննդյանս տարեդարձը: Հարազատներս ամեն տարի շատ հետաքրքիր ու տարբեր անակնկալներ են մատուցում: Միշտ հիշարժան է լինում այդ օրն ինձ համար. բազմաթիվ նվերներ, շնորհավորանքներ: Ուրախ եմ, որ իմ ծննդյան տարեդարձը նշում են շատերը, գրեթե բոլորը: Երբ փոքր էի, չէի հասկանում` իմ տարեդա՞րձն են այդպես մեծ շուքով նշում, թե՞ Ամանորը:

 Ես հավատում եմ հրաշքներին, հավատում եմ Ձմեռ պապին: Եվ վստահ եմ, որ այս տարի Ձմեռ պապը կիրականացնի իմ երազանքները: Կգա Նոր տարի, և ամեն ինչ նորովի կսկսվի: Մոռանանք վատ հիշողությունները և դրանք թողնենք անցյալում:

Մելինե Լևոնյան

Երբ գալիս է նոր տարին, մայրիկս ասում է. «Ո¯ւֆ, լավ, էլի» : Իսկ ես դեռ շարունակում եմ հավատալ, որ յուրաքանչյուր Ամանոր ամեն ինչ նոր ու ավելի լավ էջից սկսելու ևս մեկ հնարավորություն է: Թող չթվա, որ դժգոհ եմ ներկայիս վիճակիցս, պարզապես յուրաքանչյուրս էլ շտկելու բաներ ունենք մեր կյանքում, մեր մտքերում, մեր մեջ: Ամանորին ամփոփում եմ տարվա ընթացքում ապրածս, ձեռքբերումներս ու ամենակարևորը` բացթողումներս: Երբ գալիս է Նոր տարին, պարզապես ցանկանում եմ լինել ընտանիքիս հետ, առանց կողմնակի մարդկանց ու վերջ:

Սոֆյա Հակոբյան

 

Նոր տարվա մասին մտածելիս ես պատկերացնում եմ ամենահաճելի բանն ինձ համար` տոնածառ զարդարելը: Այս տարի առավել ևս շատ եմ սպասում Նոր տարվա հեքիաթային գիշերվան` հրաշքին: Այս տոնն իր էությամբ շատ եմ սիրում: Ամեն ինչը` իմ սիրած տոնածառը, տոնական տրամադրությունը, հրավառությունները, նվերները, ուտելիքները ու նույնիսկ այս արտահայտությունը. «Արագացրե~ք, չեք հասցնի, արա~գ, արա~գ»:

Սիրում եմ, երբ 12-ին հինգ պակաս հայրիկս ասում է, որ բոլորս հավաքվենք սեղանի շուրջը, բայց մայրիկս միշտ վերջին վայրկյանին է հասցնում ու խոր շունչ քաշում:

Երանի¯ բոլոր Նոր տարվա գիշերներն անցնեն այնքան թեթև, երջանիկ ու պայծառ, որքան հիմա:

Անահիտ Հարությունյան

Շուկաներ վազող մեծեր ու փոքրեր, լիքը տոպրակներ, ընկույզ, կաղին, մանդարին… Տոնածառի խաղալիքներ ու փայլեր, ցրտից կարմրած քթեր ու փայլող աչքեր… Ինչ-որ կախարդական մեղեդի, հեքիաթ կա օդում: Սա սովորական չէ, ինչ-որ բան այն չէ, խենթություն, հրաշք կա…

Ու զարմանք կա… Տարին թռչում է… Թվում է` երեկ էին շամպայնն ու հրավառությունը, երեկ էին պահած երազանքն ու խենթ ձյունը… Մարդիկ էլ կան, որոնց դու հոգսեր, ծախսեր ես բերում…Երևի չգիտեն` ո~րն է խորհուրդդ… Բայց բեր, ինչ էլ բերես, այն նվեր է, հեքիաթ է, խենթ է: Դու սեր ես, ժպիտ ես, ծիծաղ ես… Գալդ բարի¯… Լուսաշո¯ղ, հեքիաթայի¯ն իմ տարի…

Անի Ամսեյան

Ձմռան շունչն արդեն զգացվում է… Ցրտից կարմրած այտերով, սառած ձեռքերով ու նախատոնական ժպիտով մարդիկ շտապում են ու շտապում: Յուրաքանչյուրը սպասում է իր ամանորյա հրաշքին ու փնտրում այն դիմավորելու լավագույն միջոցը:

Ես քայլում եմ լայն ժպիտով ու հիացած և ինչ-որ տեղ զարմացած նայում այս բոլոր մարդկանց. վաղուց է, ինչ ուրախ ու ժպտացող անցորդների չէի հանդիպել: Ուղղակի քայլում եմ, մտքում բարևում մարդկանց, էլի ժպտում ու անցնում:

Սառը օդում զգում եմ մոտակա հրաշքի բույրը, պատկերացնում նրա պարգևած ուրախ պահերը, իրական ժպիտն ու հրաշքներին հավատալ ստիպող կախարդական գիշերը: Մտածում եմ, թե ինչպես պետք է զարդարեմ ամանորյա գեղեցկուհուն` տոնածառը, ու, օդում նկարելով այդ պատկերը, գոհ ժպտում եմ… Քայլում եմ ու քայլում: Ես էլ յուրաքանչյուրի նման գնում եմ իմ տոնի հետևից, փնտրում եմ գեղեցիկ հեքիաթն ու սպասում հրաշքների:

Ձյան առաջին փաթիլներն սկսեցին իջնել տոնական երկնքից: Ուրախ եմ. սա տոնի իմ առաջին հրաշքն է: Ի¯նչ գեղեցիկ էր այդ վայրկյանը, այդ պահը, երբ փափուկ ու փխրուն այդ հրաշքն ընկնում էր ձեռնոցիս, թարթիչներիս ու գլխարկիս վրա: Վերցնելով հրաշքը` դնում եմ գրպանս ու շարունակում»փնտրտուքս» : Հաջորդը նորածին փոքրիկի` զարմանքից երջանկացած դեմքն ու ժպիտն էին, երրորդը` ծեր տատիկին օգնող պատանու արարքը ու փաթիլների տակ գրկախառնված սիրահարների աչքերը…

Հրաշքներն իմ կողքին են` գրպանումս, ավելի ճիշտ` իմ կախարդական գիշերը պատկերող կտավի մեջ: Ի¯նչ գեղեցիկ է աշխարհը: Որքան հրաշքներ կան յուրաքանչյուր վայրկյանում, իրենց տոնին սպասող մարդկանց աչքերի ու ժպիտի մեջ:

Ես գտա իմ տոնը, գտա տոնական գիշերվա խորհուրդը, գտա իմ հրաշքը… Իսկ մարդկանց ուզում եմ նվիրել պարզապես մի բուռ հավատ, մի բուռ երջանկություն և մի բուռ ժպիտ…

Ուզում եմ, շատ եմ ուզում, որ ձեր Ամանորը լինի հեքիաթային ու անմոռաց, ուզում եմ, որ տեսնեք Նոր տարվա ամեն մի հրաշք ու հավատաք, որ երազանքներ կարելի է պահել ոչ միայն աստղ ընկնելիս, այլև կախարդական գիշերվա պայծառ երկնքից թափվող ամեն մի փոքրիկ փաթիլի հետ…

Աննա Ստեփանյան

Ճերմակ ձյան թևերով գալիս է Ամանորը… Ձյունը ծածկում է փոշոտ քաղաքի տխրությունը` խորհրդանշելով ճերմակ էջից սկսված մի նոր կյանք:

Ամանորը քեզ գույներ է տալիս. սառը երկնքի կապույտը, եղևնու հավերժական կանաչը, անուշաբույր մանդարինների դեղինը ու տոնածառի ժապավենների ալ կարմիրն ու բազմապիսի խաղալիքների փայլը, որպեսզի դու այդ ճերմակ էջին նկարես քո երազանքները:

Իսկ երբ Նոր տարվա գիշերը տասներկուերորդ անգամ զարկի ժամացույցը, այդժամ Ամանորը կխոստանա, որ կիրականացնի քո բոլոր իղձերը:

Իսկ դու հավատա, հավատա և ժպտա… Չէ՞ որ հենց ինքը` Ամանորը, հրաշքներով ու կախարդանքներով օծված մի մեծ երազանք է…

Ռուբինա Դավթյան

Ասում են` տարվա ընթացքում չիրականացած երազանքներն իրականանում են Ամանորի գիշերը կամ իրականացվում: Ես արդեն նամակ եմ գրել այն բարի ծերուկին, ով իրականացնում է իմ և քո երազանքները, և խնդրել եմ, որ ինձ բերի փոքրիկ` երկու սանտիմետր տրամագծով արեգակներ: Գիտե՞ս թե ինչու արեգակներ, որովհետև ուզում եմ, որ ձյունը հալչի, որ հանկարծ սառույցի չվերածվի: Չէ~, դրսի մաքուր ու սպիտակ ձյունը նկատի չունեմ, այլ ներսի ձյունը, մեր ներսի ձյունը, որը առատ տեղում է մեր սրտերի վրա:

Այս ամենը քեզ ասում եմ նրա համար, որ դու էլ նման նամակ գրես և քո արեգակները նվիրես նրանց, ում աչքերում ջերմության պակաս ես տեսնում: Մոռացա նշել, թե ինչպես ես նրանց գտնելու: Հենց զանգերը 12 անգամ զարկեն, այդ պահին ձեռքդ դիր կրծքավանդակիդ և ամուր բռնիր նրանց, ու նրանք կմնան քեզ հետ, կօգնեն քեզ ու կապրեն քո մեջ…

Զարուհի Հովհաննիսյան

                                                                                                                                                                                                                                                       «Արևածաղիկ» 

 

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s