Սուրբ ծնունդ

surb-cnund-248x300Սուրբ ծնունդը, մեր տեր` Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է և նշվում է ամբողջ աշխարհում: Քրիստոնեության վաղ շրջանում այս տոնը նշում էին հունվարի 6-ին: Չորրոդ դարում Հռոմի եկեղեցին որոշում ընդունեց ծննդյան տոնը նշել դեկտեմբերի 25-ին:

Հայաստանում այն նշում են հունվարի 6-ին:  Հաստատված ավանդույթի համաձայն, հունվարի 1-ից մինչև հունվարի 6-ը օջախներում կրակն անմար էր մնում, ինչն այդ երկու տոներին հաղորդում էր որոշակի անընդհատություն: Հունվարի 5-ին եկեղեցում տեղի էր ունենում Ծննդյան ժամերգությունը, որին ներկա էին միայն տղամարդիկ: Միայն ժամերգությունից հետո էր, որ կարելի էր պասը բացել: Այն ընտանիքներում, որտեղ տղամարդ չկար, կանայք, դուռը բաց, սպասում էին ժամերգությունից վերադարձողներին, որևէ տղամարդուց ծննդյան ավետիս լսում ու պասը բացելու թույլտվություն խնդրում: Հունվարի 5-ի երեկոն բոլոր հայ ընտանիքներում թաթախման երեկո էր, երբ, ժամերգությունից վերադառնալով, պասը բացում էին Ծննդյան տոնին ընդունված ճաշատեսակներով: Առհասարակ Ծննդյան տոնի բուն ժողովրդական հանդիսակարգը կենտրոնանում էր թաթախման երեկոյի ընթրիքի շուրջ: Ժամերգությունից տուն դարձողներն իրենց հետ տանում էին այնքան մոմ, որքան ընտանիքի անդամներն էին: Ընթրիքից առաջ տանը խունկ էին վառում: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի ափսեի դիմաց վառում էին վերջինիս համար նախատեսված մոմը և մոմերի լույսի ներքո հավաքվում սեղանի շուրջ: Այդ երեկո սեղանի գլխավոր զարդը ձկնեղենի զանազան տեսակներից պատրաստված կերակրատեսակներն էին, որոնց ուղեկցում էին առատ յուղով օծված բրնձի, ձավարի, արիշտայի փլավները, ալյուրից պատրաստված և դոշաբով կամ մեղրով քաղցրեցված խաշիլը և այլն:

Ծննդյան խորհրդավոր երեկոյի ու գիշերվա հետ կապված էին զանազան պատկերացումներ: Այդ գիշեր հոսող ջրերին վերագրվում էր հատուկ զորություն: Վստահ էին, որ ծննդյան գիշերը հոսող ջրերը մի պահ կանգ են առնում, և եթե այդ պահին որևէ մեկը ինչ-որ իր ընկղմեր ջրի մեջ, այն անպայման ոսկի կդառնար: Գանձակում ամուլ կանայք երեք անգամ մտնում էին ջուրը և դուրս գալիս այն հաստատ հավատով, որ Ծննդյան գիշերվա ջուրն իրենց զավակ կպարգևեր:

Ս. ԾՆՆԴՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

. Հունվարի 5-ին` ժ. 17.30-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի տոնական Ս. Պատարագ` ազդարարելով Ս. Ծննդյան ավետիսը: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված մոմերը իրենց հետ տուն են տանում և սկսում տոնել Ս. Ծնունդը:

.Հունվարի 6-ին` ժ. 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Ս. Պատարագ: Ս. Պատարագից հետո կկատարվի Ջրօրհնեքի արարողություն: Օրհնված ջուրը կբաժանվի ներկաներին:

.Հունվարի 7-ին հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ: Առավոտյան` Ս. Պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:

.Հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչության օրն է: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:

.Ս. Ծննդյան տոնի կարևոր արարողություններից է Տնօրհնեքը: Տարվա ընթացքում նվազագույնը երկու անգամ հարկ է հոգևորականի հրավիրել` Տնօրհնեքի:

 Վարդան Մովսիսյան


About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s