Ձմեռը և քաղաքը

imagesՁմեռը չէր սիրում քաղաքը: Քաղաքի սիրելիներն արևն ու կապույտ ծովն էին: Քաղաքում երբեք չէին սպասում ձմռանը, նախապատրաստվում նրա գալուն: Տարիներ առաջ ձմեռը հայտնվել էր քաղաքում ուշ գիշերով, փափուկ ձյան պարկով, երկնագույն եղյամով և պայծառ ձնափաթիլներով: Նա այնպես էր հրճվում իր ստեղծած հեքիաթով և արդեն կանխազգում քաղաքի բնակիչների ուրախությունը, երբ նրանք տեսնեին ձմռան ամբողջ հմայքն ու գեղեցկությունը… Սակայն առավոտյան վրա հասավ հարավային քամին, արևը ժպտաց, և ամբողջ հեքիաթը հալվեց, հոսեց առվակներով: Շրջապատը դարձավ գորշ, անհրապույր: Ձմեռը չարացավ և այնուհետև քաղաք էր բերում միայն ծակող ձյուն և խիստ սառնամանիք: Մի անգամ նա նույնիսկ փորձեց սառեցնել ծովը, սակայն` ապարդյուն: Դրա համար էլ ամեն տարի ձմեռը քաղաքի վրա էր թափում իր ողջ չարությունը, քաղաքն էլ չէր սիրում ձմեռը:

Մի անգամ փողոցում նվագող աղքատ երաժիշտը սրտանց ասաց.
— Հեռացիր չար ձմեռ: Թող շուտով գարունը գա:
Այդ օրը Ձմեռն անցավ ծովի վրայով` սառեցնելով ափամերձ փրփուրը, ծակող ձյուն թափեց քաղաքի վրա և մտադիր էր արդեն հեռանալ, երբ նրան գրավեց հին տան պատուհաններից մեկի բաց օդանցքը: Նրա սիրած զբաղմունքն էր ձյունը խփել պատուհաններին: Ձմեռը փչեց պատուհանին, սակայն պատուհանը չփակեցին, ինչպես միշտ: Նա զարմացած նստեց պատուհանի գոգին: Փոքրիկ սենյակում երիտասարդ մի աղջիկ սպիտակ թղթից ձնափաթիլներ էր կտրատում և շշնջում.
— Ձմեռ, սիրելիս, քո թևերով բեր մեզ հեքիաթ և հրաշալի Սբ. Ծնունդ: Մենք կզարդարենք տոնածառը, նվերներ կփոխանակենք և կսպասենք հրաշքի: Եվ թող վերադառնա իմ սերը, ես սպասում եմ նրան:
Աղջիկը քաղաքի առաջին բնակիչն էր, ով ձմռանն այդպես քնքշորեն էր անվանում: Դրանից հետո ամեն երեկո ձմեռը նստում էր պատուհանի գոգին և հետևում աղջկան: Արդեն գիտեր նրա մասին ամեն ինչ. նա հոր, մոր և եղբոր հետ ապրել էր մեծ քաղաքում, որտեղ միշտ գեղեցիկ ձմեռ էր լինում, հարսնացու էր եղել, ահա հարսանեկան զգեստն էլ կախված է պահարանում: Եվ հանկարծ` սարսափելի վթար… Աղջիկը մնաց մենակ, հաշմանդամի սայլակին գամված… Իսկ նրա սիրելին չկարողացավ հաշտվել իրավիճակի հետ, թեև աղջիկը վաղուց էր ներել նրան: Այժմ աղջիկն ապրում էր տատիկի հետ, հավատում Սբ. Ծննդյան հրաշքին և շատ էր սիրում ձմեռը:
Ձմեռն այնպես էր ուզում սփոփել աղջկան, որ մոռացավ չարության մասին…
Ամեն օր քաղաքում տեղում էր սքանչելի փափուկ ձյուն, շողշողում էին նախշազարդ ձնափաթիլները, անգամ ծովն էր դադարել աղմկել, կարծես քնել էր ձմռան մեղմիկ օրորի տակ: Ամեն օր ձմեռը տեսնում էր աղջկա զմայլված աչքերը. չէ՞ որ նախկինում երբեք քաղաքում այդպիսի ձյուն չէր եղել:
Իսկ երբ եկավ Սբ. Ծնունդը, քաղաքը վերածվեց հեքիաթի: Բնակիչները զարդարեցին տոնածառերը, վառեցին լուսաշղթաները, երեխաները ձնագնդի էին խաղում և ձնեմարդ պատրաստում:
Մի օր էլ ձմեռը տեսավ աղջկան բակում: Նա նստել էր և հիացմունքով դիպչում էր փայլատակող ձյանը, այտերը վարդագունել էին, և նրա նուրբ ձայնը շշնջում էր.
— Ես այնպես եմ սիրում ձմեռը:
Երջանկությունից ձմռան շունչը կտրվեց, փաթիլներն օդում պտույտապարի բռնվեցին…. և կախարդանքի շունչը զգացվեց…
Բակի դռնակի մոտ կանգ առավ բարձրահասակ մի երիտասարդ` ճամպրուկը ձեռքին: Կանգնեց մի քանի րոպե` նայելով ձյան վրա ինչ-որ բան նկարող նուրբ էակին, և վճռականորեն բացեց դռնակը:
Իսկ ձմեռն ընտրեց ամենագեղեցիկ ձնափաթիլները, դրանցով զարդարեց աղջկա թարթիչները և ձյան վրա նրա նկարած սիրտն ու սիրելիի անունը…

http://www.qahana.am

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s