Խնդրում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի

1069160_10201618828495746_1843537316_nԳրիգոր Արաբաթլյանը 11 տարեկան է, ծնվել և մեծացել է Հալեպում: Հայրը` Տեր Մաշտոցը, Հալեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավագ քահանան է: Գրիգորի ավագ եղբայրը  ևս հոգևորական է: Տասնմեկամյա Գրիգորն արդեն մեկ տարի է սովորում է Բեյրութումª Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության Զարեհյան դպրևանքում: Դեռ յոթ տարի էլ շարունակելու է ուսումը: Իսկ այս տարի ամառային արձակուրդներին Գրիգորն առաջին անգամ եկել էր Հայաստան:

-Հոգևոր կյանքով ապրելու որոշումը քո՞նն էր, թե՞ հայրդ ու եղբայրդ են քեզ առաջնորդել:

-Իմ որոշումն էր: Ես դեռ 3-4 տարեկանից ծառայում էի եկեղեցուն: Քույրիկիս հետ հաճախ էի եկեղեցի գնում, ինձ դուր էր գալիս: Ես այդ միջավայրում եմ ծնվել մեծացել, հայրս էլ նպաստել է, որ եկեղեցու հանդեպ սերս էլ ավելի ամրապնդվի: Իմ ամբողջ շրջապատը եկեղեցում է ձևավորվել, ընկերներս բոլորն այնտեղից են: Ծառայության ընթացքում տեսա, որ ինձանից մեծերն ուսումը դպրևանքում են շարունակում, ես էլ ցանկացա սովորել այնտեղ: Սկզբում ծնողներս դեմ էին, ասում էին, որ դեռ փոքր եմ, հետո համաձայնեցին: Ես գիտակցում էի, որ էլ չեմ կարողանա խաղալ բակում, ազատ ժամանակ չեմ ունենա, բայց այդ ամենն ինձ հետ չպահեց:

— Ինչպե՞ս է սկսվում օրդ դպրևանքում, ի՞նչ եք անում օրվա ընթացքում:

— Առավոտյան 6:30 ենք արթնանում, գնում ենք ժամերգության, հետո նախաճաշում ենք, մի փոքր մաքրություն ենք անում ու սկսում ենք դասերը: Սերտողության ժամ էլ ունենք: Ազատ ժամանակ քիչ է լինում ու այդ ժամանակ խաղում ենք ընկերներով: Հիմնականում շախմատ ենք խաղում, սեղանի թենիս կամ ֆուտբոլ:

— Ի՞նչ առարկաներ եք անցնում, ո՞րն է քո սիրելի առարկան:

— Ծես, շարական (երգեցողություն), նկարչություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, պատմություն: Դասերը հայերեն, արաբերեն, ֆրանսերեն ու անգլերեն են դասավանդում:  Ամենաշատը շարականի դասերն եմ սիրում:

— Ծնողներդ Հալեպում են ապրում, դու սովորում ես Բեյրութում: Չե՞ս կարոտում:

-Կարոտում եմ, բայց դա ինձ չի ստիպում որոշումիցս հետ կանգնել: Ամեն շաբաթ հեռախոսով խոսում եմ նրանց հետ: Ամսվա մեջ մեկ անգամ թողնում են, որ իջնենք քաղաք, հանդիպենք մեր հարազատներին: Բայց ես ոչ մի անգամ չեմ տեսել ծնողներիս դպրևանքում սովորելուս ընթացքում, քանի որ Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով նրանք չենք կարող դուրս գալ երկրից, ես էլ չեմ կարող գնալ նրանց մոտ:

— Ովքե՞ր են ընկերներդ:Ինչո՞վ ես սիրում զբաղվել նրանց հետ:

— Բոլոր ընկերներս հայեր են: Երբ ազատ ենք լինում ու գնում ենք Բեյրութի հրապարակ` համակարգչային խաղեր ենք խաղում, զբոսնում ենք: Իսկ դպրևանքի բակում ֆուտբոլ ենք խաղում, սեղանի թենիս ու շախմատ: Ես շատ եմ սիրում ֆուտբոլ, նաև պարապմունքների եմ գնացել: Սիրածս ակումբը «Միլաննե  է, հավաքականը` Իտալիայի ընտրանին: Հիմա խաղերին չեմ հետևում, մեզ մոտ հեռուստացույց չկա, բայց աշխարհի առաջնությունն եմ ամենաշատը սիրում:

-Ո՞ր տոներն ես ամենաշատը սիրում: Ի՞նչ նվերներ ես սիրում ստանալ:

-Հայական ու հոգևոր բոլոր տոները սիրում եմ: Բայց երևի ծննդյանս տոնին ամենաշատն եմ սպասում: Շատ խաղալիքներ եմ նվեր ստացել ու բոլորի համար էլ ուրախացել եմ: Բայց ամենասիրելի նվերը եղբորս Գրիգոր Լուսավորչի Ելն ի Վիրապ տոնի առթիվ նվիրած թևնոցն է, որի վրա անունս է փորագրված:

— Ի՞նչ նախասիրություններ ունես: Ո՞րն է սիրելի գիրքդ, ի՞նչ երաժշտություն ես նախընտրում:

-Սիրում եմ կարդալ: Մեզ շատ են հանձնարարում գրեքր կարդալ: Սիրածս ստեղծագործությունը Մարլեն Էդոյանի ՙՀողի կանչը՚ գիրքն է: Ֆիլմեր այդքան էլ չեմ սիրում, եթե պարտադիր չէ` չեմ դիտում: Բեյրութում մուլտֆիլմ դիտելու հնարավորություն ու ժամանակ չկա, բայց Հայաստանում շատ եմ դիտում: Սիրածս մուլտը ՙRangers՚- ն է: Երաժշտության ասպարեզում շատ եմ սիրում Կոմիտասին, Շերամին, Սայաթ-Նովային:

-Ի՞նչ երազանք ունես: Ինչպիսի՞ն ես պատկերացնում ապագադ:

-Հորս կյանքի պես: Կամ քահանա կդառնամ, կամ վարդապետ: Բոլոր մտքերս ու երազանքներս հոգևոր կյանքի հետ են կապված:

-Ինչպիսի՞ն է կյանքը Հալեպաում:

-Պատերազմից հետո մի փոքր փոխվել է կյանքը Սիրիայում այդ թվում նաև հայերի համար: Հիմա ճնշվածություն կա: Իսկ մինչև պատերազմը մենք ազատ էինք ու հայ համայնքն այնտեղ շատ հզոր է: Հայերը հայերեն են խոսում, պահում են բոլոր ավանդույթները, հավատը: Հենց հայկական գաղութն է, որ հայերին պահում է Սիրիայում անգամ այս պատերազմական իրավիճակում:

— Առաջին անգամն ես Հայաստանում: Ի՞նչ էին քեզ պատմել հայրենիքիդ մասին: Արդարացա՞ն սպասելիքներդ:

-Շատ էին պատմել ու միայն լավ բաների մասին: Լավ տպավորություններ ունեմ: Երբ իջա օդանավից` օտարության զգացողություն չկար, զգում էի, որ սա իմ հայրենիքն է, շատ ուրախ էի: Բայց չէի ցանկանա մշտապես Երևանում ապրել, թեև շատ եմ հավանել:

Այստեղի իմ տարեկիցները շատ են տարբերվում Սիրիայի հասակակիցներիցս: Մի տեսակ հարգանք չկա դիմացինի նկատմամբ, վատ խոսքեր են օգտագործում: Անարդար են խաղում, խանգարում են մեկը մյուսին: Ամենաշատը դա ինձ դուր չեկավ:

-Որտե՞ղ ես եղել, ի՞նչն է ամենաշատը քեզ դուր եկել:

-Բոլոր կարևոր տեղերում եղել եմ: Գնացել եմ Սևան, տարբեր թանգարաններ, Մատենադարան, Հաղթանաի զբոսայգի, Էջմիածին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Ցեղասպանության թանգարան, Էրեբունու թանգարան, Պատմության թանգարան, Սարդարապատ, Տաթևի վանք և այլն: Ամենաշատը Տաթևն եմ հավանել: Ինձ շատ գրավեց հին հայկական գյուղական մշակույթը, որ ցուցանմուշներով ներկայացված է թանգարաններում: Երբ տեսա հայկական հին փայտե տների մանրակերտները` ցանկություն առաջացավ սեփական տունս կառուցելու և գյուղական կյանքով ապրելու:

-Ի՞նչ ես խնդրում Աստծուց քո աղոթքներում:

-Խնդրում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի: Ուզում եմ, որ այլևս պատերազմներ չլինեն: Եթե այնպես լիներ, որ խոսքս լսելի լիներ աշխարհին` կասեի, որ դադարեցնեն պատերազմները, քանի որ բոլորը հավասար են, նրանք էլ ընտանիք ու երեխաներ ունեն…

Անի Պետրոսյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s