Ընտրվել է «Տարվա թռչուն 2014»-ը

178941_347064545364851_906605909_nԱվարտվեց հասարակական քվեարկությունը, որի արդյունքում ընտրվեց 2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:

«Տարվա թռչուն 2014»- ի թեկնածու թռչուններն էին` Սև անգղը, Հոպոպը, Ամուրիկը, Սովորական կիվիվը, Սովորական հողմավար բազեն, Երկնագույն ալկիոնը, Սև ագռավը, Եվրոպական բվիկը, Սև կեռնեխը և Կարմրակտուց սուզաբադը:

Հարցումը մեկնարկեց հոկտեմբերի կեսերին և մասնակիցներին հնարավորություն տրվեց քվեարկել առցանց` Հայաստանի թռչունների պահպանման միության (ՀԹՊՄ) էլեկտրրոնային կայքում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում: Ինտերնետի անհասանելության պատճառով մարզերում բաժանվեցին քվեաթերթեր:

Հարցմանը մասնակցեցին 1592 հոգի, ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Առցանց հարցման ընթացքում պայքարը մղվեց Հոպոպի և Երկնագույն ալկիոնի միջև: Քվեաթերթերի տվյալների ամփոփման արդյունքում պարզվեց, որ պայքարն ընթանում էր Հոպոպի, Ամուրիկի և Սովորական հողմավար բազեի միջև և հավաքելով առավելագույն ձայները` 313 ձայն, Հոպոպը ճանաչվեց Տարվա թռչուն:

Կարծում ենք չկա այնպիսի մի մարդ, ով տեսած չլինի Հոպոպին, որն առանձնապես չի խուսափում մարդու ներկայությունից, նրա սովորություններն այնքան յուրահատուկ են, որ անհնարին է Հոպոպին շփոթել մեկ ուրիշ թռչնի հետ: Նրա ձայնը հանդիսանում է նրա այցեքարտը` հենց նրա խուլ, «ուպ-ուպ-ուպ»  ձայնի  շնորհիվ շատ ժողովուրդների մոտ նա ստացել է իր անվանումը:

Հոպոպը գրեթե տատրակի մեծության, վառ գույնի թռչուն է, երկար, նեղ կտուցով և փուփուլանման կատարով, որը երբեմն բացվում է հովհարի պես։ Զանգվածը`68-72 գր, թևերի բացվածքը` 42-49 սմ։ Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված։ Գլխին ունի լավ զարգացած հովհարաձև փուփուլ։ Գունավորումը շիկակարմրավուն է՝ սև և սպիտակ շերտերով։

Հոպոպը լայնորեն տարածված է Եվրոպայի և Ասիայի հարավային ու կենտրոնական շրջաններում: Հայաստանում դեռևս չեն իրականացվել ուսումնասիրություններ պարզելու  համար Հոպոպի պոպուլյացիայի քանակը, սակայն թռչնաբանների կողմից իրականացվող պարբերաբար դիտարկումները ցույց են տալիս, որ Հոպոպի թվաքանակը Հայաստանում գտնվում է համեմատաբար կայուն վիճակում: Հոպոպը ցերեկային կենսակերպ վարող թռչուն է նրա ակտիվությունը սկսվում է արևի առաջին իսկ շողերից և շարունակվում է մինչև ուշ երեկո: Օրվա ընթացքում սնվում է տարբեր միջատներով և նրանց թրթուրներով որոնց գտնում է գետնի վրա:

Ցուցաբերում է զգուշավոր վարք, սակայն երկչոտ չէ։ Շատ ժամանակ անցկացնելով հողի վրա` նա կարողանում է բավականին արագ տեղաշարժվել գետնի վրայով, իսկ անսպասելի վտանգի դեպքում, երբ փրկվելու հնարավորությունը աննշան է, հպվում է գետնին, տարածում է պոչն ու թևերը և թեթևակիորեն բարձրացնում կտուցը: Հոպոպի թռիչքը նման է թիթեռի թռիչքին, այնուհանդերձ, հոպոպը կարողանում է բավականին լավ մանևրել, և գիշատիչներին հազվադեպ է հաջողվում որսալ նրան օդում:

Սովորաբար նախընտրում է բնակվել նոսր թփերով կամ ծառերով պատված բաց տարածությունների վրա, ինչպես օրինակ մարգագետինները կամ արոտավայրերն են, սակայն մեծ քանակությամբ տարածված է նաև այգիներում, պուրակներում, մրգատու այգիներում։ Նաև հանդիպում է բնակելի տարածքների մոտ: Բնադրում է ծառերի փչակներում, պատերի ճեղքերում, քարակույտերում:

Թխսակալման և ձագերին կերակրելու ընթացքում հասուն առանձնյակների և ձագերի մոտ պաշտպանության համար արտադրվում է հատուկ յուղանման հեղուկ, որն արձակվում է պոչուկային գեղձից և ունի սուր, տհաճ հոտ: Յուղանման այդ հեղուկը նրանք արձակում են նաև թշնամու ուղղությամբ, երբ վերջինս փորձում է ստուգել  արդյոք ծառի փչակը բնակեցված է Հոպոպի կողմից, թե ոչ: Հոպոպի բնի շրջակայքում միշտ առկա է այդ տհաճ հոտը, ինչն էլ նրան օգնում է պաշտպանվել որոշ գիշատիչներից: Հոպոպը վերադառնում է Հայաստան մարտ- ապրիլ ամիսներին: Վերադառնալուն պես արուները զբաղեցնում են բազմացման համար իրենց կողմից ընտրված տարածքը և ցուցաբերում են ակտիվ վարք`արձակում են բարձր, երբեմն էլ խուլ կրկնվող ձայներ, փորձելով գրավել էգերի ուշադրությունը: Հանդիպում են դեպքեր, երբ միևնույն տարածքը մի քանի տարի անընդմեջ օգտագործվում է նրանց կողմից: Որպես կանոն երկու զույգերի հարևանության ժամանակ արուների միջև բնակավայրի սահմանային հատվածում տեղի են ունենում կռիվներ, այդ իսկ պատճառով երկու զույգի նույն տարածքում շատ հազվադեպ կարելի է հանդիպել:

Տարվա թռչուն” նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների եւ նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Ողջ տարվա ընթացքում անց են կացվելու հանդիպումներ դպրոցականների հետ, ներդպրոցական մրցույթներ, ինչպես նաեւ կտարածվեն տպագրանյութեր, ինչպիսիք են թերթոններ, կպչուն զարդապատկերներ, օրացույցներ այս թռչնատեսակը առավել ճանաչելի դարձնելու նպատակով:

Հետաքրքիր է նաև իմանալ, որ`

  • Հոպոպն ունի խուլ ձայն, որը գարնանը և ամռանը նա կրկնում է րոպեում 30 անգամ:
  • Հոպոպին հեշտ է ճանաչել թռիչքի ընթացքում քանի որ նրա թռիչքը նման է թիթեռի թռիչքին:
  • Սնվում է մինչև 10սմ երկարություն ունեցող թրթուրներով, ինչպես նաև այնպիսի տեսակներով, որոնց մարդիկ համարում են գյուղատնտեսության և անտառային կուլտուրաների վնասատուներ:
  • Թխսում է միայն էգը, իսկ արուն զբաղվում է կերի որոնմամբ:
  • Գլխի վրա ունենալով հատուկ մկաններ` կարողանում է բացել կտուցը հողի մեջ:
  • Հին Եգիպտոսում Հոպոպը համարվել է Սուրբ թռչուն, պատկերված է եղել բուրգերի ու տաճարների պատերին, հիշատակվել է նաև Աստվածաշնչի ու Ղուրանի մեջ:
  • Իր կանչի շնորհիվ «ուպ-ուպ-ուպ» Հոպոպը ստացել է իր անվանունը տարբեր լեզուներում:
  • Կյանքի միջին տևողությունը նրանց մոտ կազմում է 10 տարի:

Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը ուրախ է հայտարարելու 2014-ի «Տարվա Թռչնին»:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s