Կաթնաղբյուրից նոր Մոնթե

-Դու գրիչից հետո ո՞նց հրացան վերցրիր. ծանր չէ՞ր:-Ես:

-Ծանր չէր:-Ձայնը:
-Խալափյանի Չատուրը հարցնում է՝ «…իսկ…էն…մարդ սպանե՞լ ես»:melkonyan
Ձայնը լռում է:
Ձայնը լացում է:
Ձայնը գոռում է.
-Է˜շ:

Եվրոպական ձևավոր, փափուկ-մափուկ նիստուկացը մեր մարմնին հարմար չէ:
Այսինքն՝ հարմար է, բայց տարածք չունենք դրանք բանեցնելու համար: Հլը մի տարածքն առնենք, նոր գնանք արտասահմանների փափկակեցությունից մի քիչ վերցնենք, գանք:
Անմորուք-անմորուք՝ հայերի հարցն էիր հեռուներում գիտականորեն առաջ բրդբրդում: Տեսար՝ շատ ես հեռու, բրդբրդոցից բան դուրս չի գա, ավելի ճիշտ տեսար՝ գիտությունը դրանց գլխի բանը չի, եկար, որ նրանց գլուխը ոչ թե գիտական փաստեր մտցնես, այլ փամփուշտներ. դրանք էդ քաղաքակրթությունն ունեն:
Եկար, որ գան հետևիցդ, որ եվրոպական ածելիները թողնեն, գան, քո պես մորուքավոր դառնան: Եկար, որ մնաս: Դու հիմա մեկ-մեկ դրախտից գլուխդ կախի ու քո սովորությամբ աչքերդ ճպճպացնելով՝ տես՝ եկա՞ն: Տես՝ հիմա չկան, որ գան ու մնան, հիմա ամեն մեկը հյուր է գալիս՝ ինքն իր տան մեջ հյուր ու նեղանում է, որ հյուրասիրությունն աղքատիկ է: Եվ դա սովորական կենսակերպ է արդեն, իսկ դու զարմանում էիր, որ բոլոʹրը չեն եկել կռվելու, իսկ դու զարմանում էիր, թե դա ո՞նց կարող էր էդպես լինել:
Ցանկությունդ պարզ էր, շատ էր պարզ, այնքան, որ ոչ նրանց գլուխը մտավ, ոչ էլ՝ երևի մեր: Երեխա-երեխա էր և մարտավարությունդ. «ուժեղ ըլլանք՝ կը հաղթինք, թույլ ըլլանք՝ կը պարտվինք»: Իսկ երեխայից ուժեղ ու հզոր բնությունն ի՞նչ է ստեղծել մինչև այսօր:
Մանանեխի հատիկի չափ էդ ու՞մ հավատն էր, որ քո պես սարին շուռ տվեցին: Մոնթեի տակ ինչքան էլ թաքնված լիներ սար լինելդ, սար էիր ծնվել, սար էլ գնացիր:
Կիլոմետրերով գնում էիր առաջ, ո՞նց գնահատեցիր թզի մեծությունը: Աշխարհի «քաղաքակիրթ» երկրների փողոցներով անցած, ճապոնացիների, ամերիկացիների, ֆրանսիացիների հետ հաց կերած, նստած ու հելած, եկար «թրիքն ու կեղտն» իրարից տարբերող հայի՝ մարտունեցու հետ խոտերին նստելու ու գոմեշի մածունով կենաց խմելու: Էդ խոտերը մինչև էսօր էն ծանր-ծանր սապոգներդ են հիշում ու մղկտում:
Թե քեզնից ի՞նչ մարդ խփող, դու շատ-շատ Սեդայիդ թարս նայես:
Թե ասա՝ բա որ չսպանեի, ինձ կսպանեի՞ն:
Հա, կսպանեին:
Բայց ասեմ՝ վրիպել են:
Բայց դե, էդ էլ խիղճ չէր էլի. անժառան-անժառանգ գնացիր, հիմա էն խեղճ աղջիկը ո՞ր կաթնաղբյուրից ու քանի՞ բուռ խմի, որ նոր մոնթեներ ծնի:
Ինքը երևի իմաստուն էր էլի, սև-սև հագած չընկավ սարերով, որ ինչ-որ չեղած կաթնաղբյուր գտնի, գնաց, էլի իր ամանորյա հասարակ տաբատով նոր Մոնթե ծնեց: Էս Մոնթեի համար քո էն մեծ-մեծ, քար ու քռայի հախից եկող սապոգները գուցե ծանր լինեն…
Խռով ենք, որ շուտ գնացիր: Քեզնից չէ՝ Աստծուց: Քիչ էիր, քիչ էիր, քիչ էր չափ ու սահման կորցրած բարությունդ: Գնացիր, լավ, հասկացանք. գոնե հիմա մեկ-մեկ էն տղայական զնգուն ծիծաղովդ ծիծաղիր վերևից էն քո կռված սահմանաբաժաններում, որ համ իրենք լսեն, էլի քարանան, համ էլ մենք լսենք՝ զգոնանաք:

Վանուհի Բաղրամյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել պատասխան

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s