Աղջիկս չգիտի` ինչ պատասխանել, երբ հարցնում են մայրիկի մասնագիտությունը

Երաժիշտ, հաղորդավարուհի, լրագրող Լիլիթ Բլեյանը սովորել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպանական բաժնում: Համալսարանին զուգընթաց ավարտել է նաև «Ա1+»-ի հեռուստալրագրողների բարձրագույն դասընթացները, որից անմիջապես հետո, էլի սովորելուն զուգընթաց` սկսել է աշխատել «Ա1+» հեռուստաընկերությունում` նախ որպես լրագրող, հետո` լրատվական ծրագրերի վարող և խմբագիր: Լիլիթի «Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակը թողարկվեց 2011-ի նոյեմբերին, այնտեղ ներառված է 8 երգ` յոթը հայերեն, մեկը` իսպաներեն:

— Ինչպե՞ս ստացվեց, որ լրագրողը դարձավ երգիչ:

— Երևի ավելի ճիշտ է հակառակն ասել` երգեր գրել եմ վաղ մանկապարտեզային տարիքում, երբ դեռ լրագրող չէի, այնպես որ` ամեն ինչ հակառակ հերթականությամբ է եղել: Ամենադժվարն ինձ համար եղել է մեկ մասնագիտության ընտրությունը, քանի որ հետաքրքրությունները բազմաթիվ էին: Իսկ երգերը ձայնագրել` այո՛, սկսեցի, երբ արդեն վաղուց «պաշտոնապես» լրագրող էի, այսինքն` մոտ մեկ տարի առաջ: Երգ գրելն ու ձայնագրելը, որպես գաղտնիք ասեմ

` ինքս էլ եմ նոր բացահայտել ինձ համար, բավական տարբեր զբաղմունքներ են: Այլ բան է, ասենք, աման լվանալիս նոր երգ մտմտալ, այլ բան` այդ երգը բերել այնպիսի տեսքի, որ այն մյուսներին էլ հասկանալի ու սիրելի լինի: Այդ գործընթացում, բացի ինձնից, բազմաթիվ մարդիկ են ներգրավված, որոնց գրագետ աշխատանքից շատ բան է կախված:

— Կպատմե՞ք առաջին փորձը: Ո՞վ առաջինը լսեց ու գնահատեց դրանք:

— Առաջին փորձը չեմ հիշում, դա իրոք շատ վաղուց էր: Առաջին մարդը մայրիկս էր, որը երաժիշտ է, ու իմ կապը երաժշտության հետ հենց նրա շնորհիվ է ստեղծվել` սկսած մեր տան ձայնապնակներից մինչև ինձ «զոռով» ջութակի տանելը կամ` արդեն ոչ զոռով` երգչախումբ: Մայրիկս մի տետր էր առանձնացրել, որտեղ գրառում էր բոլոր իմ «օպուսները»` պարզապես հանգավորված տողերից մինչև ամբողջական բանաստեղծություններ կամ երգեր: Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե իր հոգսերի մեջ ինչպես էր հասցնում այդքան մանրակրկիտ գրառել այդ ամենը: Ու երևի մեծապես նրա լուրջ վերաբերմունքի շնորհիվ է, որ ես շարունակել եմ գրել, երգել ու ինչ-որ նոր բաներ ստեղծել` դա դարձնելով իմ կյանքի անբաժան մասը: Ի դեպ, մանկապարտեզային տարիքում գրած իմ երգերը հենց իմ մանկապարտեզում էլ երբեմն կատարում էին: Իսկական մանկական երգեր էին` արևի, մայրիկի ու ծառերի մասին: Մանկական երգեր գրում եմ նաև հիմա, գուցե մի օր ստացվի դրանք էլ առանձին սկավառակով թողարկել:

— Ձեզ ավելի շատ լրագրո՞ղ եք համարում, թե՞ կատարող:

— Կատարող չեմ համարում առայժմ, քանի որ երգածս ընդամենը մի քանի երգ է` ձայնագրման ստուդիայում: Գուցե երբ մի օր ստացվի համերգ կազմակերպել, թույլ տամ ինքս ինձ այդպես անվանել: Լրագրող էլ արդեն չեմ համարում, քանի որ այս պահին անում եմ ավելի շատ հաղորդավարի կամ մեկնաբանի ու խմբագրի աշխատանք: Այնպես որ, ինչ-որ մի տեղ մեջտեղում եմ: Աղջիկս այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե ի՛նչ պետք է պատասխանի, երբ իրեն հարցնում են մայրիկի մասնագիտությունը:
— Լրագրությունը մեծ ուժ ունի հասարակության կարծիքը փոխելու. երբևէ եղե՞լ է, որ Ձեր կարծիքը «վախեցել» եք արտահայտել:

— Վախեցել` ո՛չ, զգուշացել` այո՛, քանի որ արդեն անցել եմ տարիքային այն շեմը, երբ կարող ես առաջին մտքիդ եկածն ասել: Ընդհանրապես խոսքի հանդեպ աշխատում եմ շատ ուշադիր լինել, անգամ առաջին հայացքից ամենավատը թվացող մարդուն չարժի վիրավորել, նա կարող է այնպիսի թաքուն շտեմարան ունենալ իր մեջ, որի մասին չես էլ կասկածի: Պետք է արտահայտվել ոչ թե մարդկանց, այլ նրանց արած գործերի մասին` լավ թե վատ, ու քննադատել հենց գործը: Այդ առումով հիացած եմ, թե ինչպես էր Մարիամ Սուխուդյանը խոսում Սյունիքի մարզպետի հետ Քաջարան գյուղում` ա՛յ, դիվանագիտությունն այդպես կլինի:
Այո՛, լրագրողներն ունեն կարծիք ձևավորելու մեծ ներուժ, սակայն սոցիալական ցանցերի, բլոգների ու ընդհանրապես ինտերնետի շնորհիվ այդ ռեսուրսն այսօր ունեն գրեթե բոլորը, եթե ցանկանան որևէ բան անել: Վկան` Ռուսաստանում կատարվող իրադարձությունները: Կարծիք արտահայտելուց չպետք է վախենալ, պետք է միայն ուշադիր լինել խոսքիդ հանդեպ, որպեսզի հետո չընկնես սրբագրումների անվերջանալի շղթայի մեջ: Տասը տարի առաջ գուցե շատ ավելի կտրուկ ու անզիջում կլինեի, բայց երբ աշխատում ես տարբեր ոլորտներում, հասցնում ես լինել «բարիկադի» տարբեր կողմերում, մոտեցումները փոխվում են: Այսօր շատ ավելի հանդուրժող եմ մարդկանց, նրանց կարծիքի, սակայն ոչ երբեք` նրանց կողմից գիտակցաբար արվող անարդար, վնասակար քայլերի հանդեպ:

-Որպես լրագրող ե՞րբ բացահայտվեցիք:
— Դեռ բացահայտման փուլում եմ:

— Ի՞նչը կփոխեիք հայ իրականությունում:
— Կփոխեի կյանքի ընկալումն ընդհանրապես: Մենք չենք գնահատում ոչինչ` շատ անփույթ ենք մեզ տրվածի հանդեպ: Չենք էլ սիրում մեր ունեցածը: Ինչ-որ շատ խորքային սխալ կա մեր իրականության մեջ: Մենք շարունակում ենք վախենալ «ազատություն» բառից: Իմ սիրելի կրթահամալիրի մասին խոսելիս անծանոթները հաճախ, որպես ամենաբացասական երևույթ, ասում են`«այնտեղ երեխաներին ազատություն են տալիս»: Հասկանո՞ւմ եք` որտեղ է մեր խնդիրը: Մենք վախենում ենք ազատությունից, քանի որ դեռ չենք սովորել ազատության մեջ ինքնակազմակերպվել: Ազատությունն այն ամենակարևոր բանն է, որ պետք է տրվի երեխային ու մեծին, իսկ մենք դրանից ոչ միայն վախենում ենք, այլև դրա մեջ ինչ-որ սարսափելի բան ենք տեսնում: Չենք հասկանում, որ միայն ազատության մեջ կարող ենք իրոք դառնալ այն, ինչ պետք է դառնանք: Ու դա միայն կմեծացնի պատասխանատվությունը մեր արածի հանդեպ, քանի որ միայն իրապես ազատ մարդը կարող է իրապես` չպարտադրված, պատասխանատու լինել իր արարքների համար:
Ամենակարևոր ու ամենադժվար բանը մարդու համար «ով եմ ես» հարցին պատասխանելն է: Մեր իրականությունը դեռ մեծամասնությանը չի տալիս այդ հարցին պատասխանելու հնարավորություն: Մենք դեռ բավարար ազատ չենք` այդ հարցին պատասխանելու համար:

-Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի կարևոր ձեռքբերումը:
— Ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է, որտեղ այսօր մեծանում են իմ երկու աղջիկները: Ամենամեծ ու ամենաարժեքավոր ձեռքբերումը ինձ շրջապատող մարդիկ են:

— Ընտանիքը մեծ դեր ունեցա՞վ Ձեր հետագա կյանքի համար:
— Քիչ առաջ խոսում էի ազատությունից: Ամենակարևոր բանը, որ ծնողներս ինձ տվել են ամենավաղ մանկությունից, սեփական անձի գիտակցումն է` որպես ազատ, առանձին մարդու, որի վրա չկա «համայնքային» կնիքը, որը կարող է իր մասին խոսել` անկախ իր բնակության վայրից, որը կարող է ու պետք է ապրի իր առանձին` անհատական կյանքով, քանի որ ճանապարհն ամեն մեկի համար մեկն է: Ես շատ կապված եմ ծնողներիս, քույրերիս հետ, բայց մենք բոլորս առանձին ենք` լավ իմաստով:
Մենք իրար չենք պարտադրում մեր խնդիրներն ու չենք պայմանավորում մեզ իրարով: Միայն անհատներիընկերությունն է իսկական ընկերություն: Մենք իրոք ընկերներ ենք` անկախ հարազատական կապերից: Կարող ենք ազատորեն խոսել ցանկացած թեմայի շուրջ: Նույն մթնոլորտն է իմ ստեղծած ընտանիքում: Ամուսինս և ես առաջին հերթին մտերիմ ընկերներ ենք, և մեր երեխաների հետ էլ սիրով ընկերություն ենք անում` անվերջ սիրելուց բացի:

Մուշեղ Հովսեփյան

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

Թողնել մեկնաբանություն