Աշոտ Ստեփանյան. «Ռոքը էմոցիա է, զգացմունք ու մտածելակերպ…»

Աշոտ Ստեփանյանը, ում ընկերները «Տոշ» մականունով են դիմում, երաժիշտ է: Չնայած  դեռ 15 տարեկան է, բայց հասցրել է հաջողությունների հասնել երաժշտության ասպարեզում: Մոտ մեկ տարի հանդես է եկել Е.V.A. խմբում, հիմա էլ իր ընկերոջ ` Հովհաննեսի հետ «Second Moon« ռոք խմբում է ստեղծագործում.նորաստեղծ խմբի բաս կիթառահարն է:

-Ե՞րբ սկսեցիք ռոքով հետաքրքրվել:
-Յոթ տարի դաշնամուրի դասերի եմ հաճախում, իսկ մոտ երեք տարի առաջ սկսեցի լուրջ զբաղվել ռոքով: Սկզբում, բնականաբար, ուղղակի լսում էի, իսկ հետո որոշեցի նվագել: Այնպես ստացվեց, որ սկսեցի բաս նվագել ու բախտս բերեց` դարձա Е.V.A. խմբի անդամ ու հետագայում արդեն շատ մեծ փորձառություն ձեռքբերեցի խմբի հետ համագործակցությունից: E.V.A. խմբի կազմում մնացի մոտ մեկ տարի: Այդ ընթացքում շատ ու շատ համերգների մասնակցեցի, բավականին լուրջ երաժիշտների հետ մի բեմում նվագեցի ու կարող եմ ասել, որ այդ ամենը շատ ոգևորեց ինձ: Խմբի հետ երգու անգամ նաև մասնակցեցի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանն ու նմանատիպ այլ միջոցառումների, չնայած նրան, որ ես ինձ «բալիկ» էի զգում այդ միջավայրում:  Պրոֆեսիոնալ մասնագետների հետ շփումը ինձ շատ օգնեց ու համոզված եմ` էլի կօգնի:

-Հիմա ինչո՞վ եք զբաղվում:
-Հիմա նվագում եմ «Second Moon» խմբում: Չնայած նրան, որ խմբում երկուսով ենք՝ ես ու Հովհաննեսը: Ես մեզ խումբ եմ անվանում: «Second Moon» նախագիծը շատերին հետաքրքրեց, քանի որ շատ դրական արձագանքներ ենք լսել: Հիմա էլ շարունակում ենք նվագել, ունենք հետաքրքիր մտքեր, համագործակցություններ ու հետագայում շատ հաճելի անակնկալներ ունենք մեր ունկնդիրների համար:

-Ի՞նչ եք կարծում, կա արդյոք հայկական ռոք:
— Հայաստանում եղել են ու կան տաղանդավոր երաժիշտներ, բայց սոցիալական ու մնացած բոլոր խնդիրները թույլ չեն տալիս այդ պոտենցյալը զարգացնել: Կարծում եմ` այս ամենը ժամանակի խնդիր է: Հայկական ռոքը դեռ պետք է զարգանա:

-Լիովին հասցրել եք բացահայտել, թե  ի՞նչ է ռոքը Ձեզ համար:
-Ռոքը էմոցիա է, զգացմունք ու մտածելակերպ: Իհարկե այն ռոքը, որով ես զբաղվում եմ` (progressive metal­ rock )մի փոքր հեռու է ավանդական «ռոք» ասվածից, քանի որ գերակշռում են պրոգրեսիվ տարրերը ու խառը չափերը: Ռոքը բնականաբար ունի բազմաթիվ ուղղություններ, որոնցից են՝ art rock-ը, progressive rock-ը, heavy rock-ը, acoustic rock-ը և  յուրաքանչյուր ուղղություն իր մեջ մի աշխարհ է պարունակում ու ակնհայտորեն տարբերվում է մյուսներից:

-Բացի ռոքից էլ ի՞նչ ոճի երաժշտություն եք լսում ազատ ժամանակ:
— Հիմնականում ջազ ու դասական երաժշտություն: Մի խոսքով լսում եմ երաժշտություն, որը կարող է հուզել ու ինձ հարազատ թվալ : Երաժշտությունը բացի հնչյուններից նաև խոսք է ու ասելիք:

-Ի՞նչ էիք պատասխանում մի քանի տարի առաջ` ինչ ես դառնալու հարցին:
— Հինգ տարի առաջ ես երազում էի դառնալ դիզայներ: Զբաղվում էի նկարչությամբ ու կասկած չունեի, որ հնարավոր է այլ ուղղությամբ շարունակեմ: Իսկ հիմա անկեղծ ասած չեմ կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում: Ամեն դեպքում` տատանվում եմ երաժշտության ու թվային մեդիայի միջև:

-Թվային մեդիայի ոլորտում  փորձեր արել եք:
— 12 տարեկանում ընկերներով մեկ ժամանոց լիամետրաժ ֆիլմ նկարեցինք: Ձեռքի տակ ունեցած տեխնիկան ու հնարավորություններն իհարկե շատ չէին, սակայն արդյունքը առաջին հերթին հենց մեզ շատ զարմացրեց: 

Հիմա «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի» ակտիվ անդամ եմ: «Թումո»-յում էլ հետագայում կխորանամ կինոինդուստրիայի և այլ ոլորտների մեջ: Կարծում եմ` «Թումոն» շատ վճռորոշ դեր կունենա կյանքումս:

 -Մոտ ժամանակներս ի՞նչ եք պատրաստվում անել:
-Ցանկանում եմ մի քանի մարդկանց ապացուցել, որ շա~տ եմ սիրում: Բացի այդ նոր տեսահոլովակ եմ ուզում նկարահանել խմբի համար:

Մուշեղ Հովսեփյան

«Second Moon» խմբի նորություններին կարող եք հետևել ֆեյսբուքի  էջում:

About Արևածաղիկ

Երեխաների հետ, երեխաների համար

2 thoughts on “Աշոտ Ստեփանյան. «Ռոքը էմոցիա է, զգացմունք ու մտածելակերպ…»

Թողնել մեկնաբանություն